Մենք եկել ենք առաջարկելու ոչ թե պոպուլիստական, այլ՝ իրատեսական լուծումներ. Վահե Հակոբյան
«Մեր կուսակցությունն ամենաժողովրդավարականն է, նրա կորիզը Սյունիքի համայնքների ղեկավարներն են, ովքեր արդեն ունեն վստահության քվե»,- այսօր «Վերածնվող Հայաստան» կուսակցության համագումարի ընթացքում ասաց կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
Նրա խոսքով, կուսակցությունը, ակունքներում ունենալով Սյունյաց աշխարհը, չի սահմանափակվում Սյունիքով, այլ Սյունիքի մոդելով լուծելու է Հայաստանի առաջ ծառացած խնդիրները։
«Սյունիքի անվտանգությունը մեր բոլոր մարզերի, և ընդհանրապես, Հայաստանի հիմնական խնդիրն է։ Բոլորս հասկանում ենք, որ երկրում ամեն ինչ ընթանում է սխալ հունով, գիտակցում ենք, որ Հայաստանում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ և քաղաքականություն մտնելը դիտարկում ենք որպես այդ փոփոխություններն իրականացնելու հնարավորություն։ Մենք քաջ գիտակցում ենք, որ քաղաքական հայտ ենք ներկայացնում ոչ սովորական պայմաններում, այլ պետության համար օրհասական ժամանակներում։ Մենք հասկանում ենք նաև, որ հրապարակ ենք գալիս մի իրավիճակում, երբ աղմկոտ պոպուլիզմը լռեցրել է ցանկացած բանական միտք ու գաղափար, և քաղաքականության մեջ հաջողության հասնելու գրավականը դարձել է հանրությանը մոլորեցնելուկարողությունը, ստելու ու կեղծելու ունակությունը»,-նշեց Վահե Հակոբյանը։
Բայց և այնպես, նա ասաց, որ իրենք չեն հուսալքվում և ավելի վճռական են, հավատում են, որ հնարավոր է երկխոսել հասարակության հետ և նրան առաջարկել ոչ թե պոպուլիստական, այլ՝ իրատեսական գաղափարներ, որոնք երկիրը դուրս կբերեն այս աղետալի վիճակից։
««Վերածնվող Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հանրությանն առաջարկելով էականորեն տարբերվող այլընտրանքներ, գաղափարներ ու ծրագրեր։ Մենք պայքարելու ենք մեր գաղափարներն իրագործելու համար։ Այս պայքարում մենք քաղաքական գործընթացի բոլոր միջոցներից օգտվելու ենք՝ չբացառելով համագործակցությունը առողջ քաղաքական ուժերի հետ՝ ընդհուպ մինչև միասնական դաշինքով հանդես գալու հնարավորությունը։ Այժմ մենք ակտիվ քաղաքական բանակցությունների մեջ ենք, և ես լիահույս եմ, որ մոտ ապագայում վերջնական որոշում կլինի»,- նշեց նա։
Սյունիքի նախկին մարզպետի խոսքով, իրենք՝ որպես քաղաքական ուժ, սկզբունքորեն մերժում են սուտը, կեղծիքը և իրենց գործունեությունը կառուցում են բացառապես գաղափարական և ծրագրային հարթություններում։