
Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային եղեռնագործությունը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցավով է արձանագրում, որ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում չեն դադարել հայոց հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացվող բարբարոսական գործողությունները։
«Այսօր, հարաբերական խաղաղության պայմաններում, շարունակվում են թիրախավորվել հայոց սրբավայրերը՝ նպատակ հետապնդելով վերացնել Արցախի պատմական մեր հողի վրա հայկական ինքնության հետքերն ու վկայությունները։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում արդեն իսկ ոչնչացվել են սրբավայրեր, պղծվել վանքեր ու եկեղեցիներ և վերացվել դրանց պատմական պատկանելիությունը հավաստող արձանագրություններ, անարգվել խաչքարեր և նախնյաց շիրիմներ։
Պատմության խեղաթյուրման և կեղծման ճանապարհով փորձեր են կատարվում յուրացնել այդ տարածքներում առկա շուրջ 150 հայկական սրբատեղիները և աշխարհին ներկայացնել իբրև ուդիների կրոնական ժառանգություն։ Օրեր առաջ հայտնի դարձավ նաև վերանորոգության պատճառաբանությամբ Արցախի թեմի առաջնորդանիստի՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարի հոգևոր խորհրդանիշները վերացնելու և գմբեթի վեղարը վայր բերելու փաստը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող մշակութային եղեռնագործությունը, ինչն անսքող արտահայտություն է հայատյացության, անհանդուրժողականության և թշնամանքի։
Հակառակ հնչող հայտարարությունների և արդարացումների, որդեգրված այս քաղաքականությունը չի կարող որևէ կերպ նպաստել տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության վերահաստատմանը։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պիտի շարունակի այս խնդիրները բարձրաձայնել միջազգային հանրության և պատկան կառույցների առջև՝ կասեցնելու հայ ժողովրդի իրավունքները ոտնահարող այս երևույթները»,- այս մասին նշված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- «Արդյո՞ք պատկան մարմինները պատշաճ ձևով դիմել են միջազգային կառույցներին՝ փրկելու մեր պատմամշակութային արժեքները»
- Ադրբեջանի այս գործողությունները վանդալիզմի դրսևորում են, նպատակ ունեն հայկական ինքնությունից զրկել Շուշիի Մայր տաճարը. ԱԳՆ
- «Վտանգված ժառանգություն․ Արցախ»․ Հնարավոր է՝ ինչ-որ զեղծարարություններից հետո քարոզչության համար Ադրբեջանը թույլատրի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքը
- «Ակնհայտ է՝ Ադրբեջանը վախենում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները մուտք գործեն հայկական մշակութային վայրեր»
- Ցեղասպանությունը ներառում է նաև մշակութային ինքնության ոչնչացում. Մարթա Այվազյան
- Ադրբեջանի կողմից օկուպացրած տարածքներում թողնված է շուրջ 1500 պատմամշակութային արժեք. Խզմալյան
- «Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ աղավաղվել է պատմամշակութային շենքի արտաքին տեսքը»
- Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վտանգն իրական է․ ԱԳ նախարար
- Մեծապես վտանգված են մեր սրբավայրերը, պատմամշակութային հուշարձանները. Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյան
- Զախարովա․ Վերահաստատում ենք ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ կազմակերպման կարևորությունը
Լրահոս
Տեսանյութեր



