Չենք ուզում այլ տեղ ապրենք, քանի որ այդ դեպքում Հադրութը մոռացության կմատնվի. Հադրութցիները ԱԳՆ շենքի մոտ են
Հադրութի շրջանի տեղահանված բնակիչները ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ են: «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախաձեռնողներից Լևոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ տեղեկացել են, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը գալու է Հայաստան, ժամը չգիտեին, եկել են այստեղ իրենց բողոքը ներկայացնելու համար, նաև նամակ հանձնեն, որպեսզի առաջիկա շաբաթվա ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն իրենց ընդունի՝ հասկանալու, թե ինչ է գալու իրենց գլխին:
«Բոլորը հետաքրքրված են Ղարաբաղով, բացի Հայաստանի ու Արցախի իշխանություններից: Ազգի մեջը մի քաղաքական գործիչ չկա՝ կանգնի ու պաշտոնապես հայտատարի, որ Արցախն Ադրբեջան չէ, չի եղել ու չի լինելու, ու մենք էլ իմանանք մեր անելիքները»,- ասաց նա:
Լ. Հայրյանի խոսքով, իրենք ուզում են վերադառնալ Հադրութ, որևէ այլ տեղ չեն ուզում ապրել՝ ոչ Երևանում, ոչ Արցախի այլ շրջանում:
«Առաջարկում են Ղարաբաղի այլ շրջաններում բնակություն հաստատենք: Չենք ուզում, որովհետև եթե մեզ տանեն ինչ-որ տեղ տեղավորեն, այդպես Հադրութը մոռացության կմատնվի: Չենք ուզում Հադրութը մոռանան:
Պետք է այստեղ ու Ստեփանակերտում նստենք այնքան ժամանակ, մինչև մեր հայրենիքը հետ վերադարձնեն: Ցավոք սրտի, մեր իշխանությունների կողմից արվող քայլերն անբավարար են»,- ասաց Լևոն Հայրյանը:
Նա ընդգծեց՝ եթե Հադրութն ու Արցախը չկան, ադրբեջանցի հրոսակների հարվածները գալու են ուղիղ Երևանի վրա, Սյունիքն էլ չի կարողանալու դիմադրել:
«Մենք ուզում ենք մեր իշխանությունները ուշադրություն դարձնեն, թե ինչ է կատարվել Հադրութում: Այն, ինչ կատարվել է Հադրութի հետ, դեռ չի պրծել, այն, ինչ կատարվել է Հադրութում, կախված է ողջ հայ ազգի վրա:
Հադրութը, Քաշաթաղը, Քարվաճառը պետք է վերադարձվեն, որպեսզի հայության անվտանգությունն ապահովվի: Առանց Արցախի Հայաստանի անվտանգություն չկա»,- նշեց «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախաձեռնողներից Լևոն Հայրյանը:
Նա սխալ է համարում, որ նման պայմաններում, երբ ազգն այս վիճակում է, ընկած վիճակում է, ընտրություններ են անելու:
«Այդ երկպառակտված վիճակում ի՞նչ ընտրություն: Ամեն մեկը մտածում է իր իշխանության մասին: Մեր հայ ազգի դժբախտությունն այն է, որ մեր իշխանությունները երբեք չեն մտածել պետություն կառուցելու մասին, ընդհակառակը՝ աշխատել են պետական լծակներն օգտագործել իրենց իշխանությունն ուժեղացնելու համար, փոխարենն ուժեղացնեն պետությունը»,- ասաց նա:
Լ. Հայրյանն ասաց, որ իրենց պահանջն է Հայաստանի ու Արցախի իշխանություններից՝ ծառայեն հայ ժողովրդի շահերին: Նա դժգոհություն հայտնեց, որ Հայաստանի ղեկավարներից որևէ մեկն այս 30 տարիների ընթացքում չի ճանաչել Արցախի անկախությունը:
Հադրութցի Վիլեն Աղաբեկյանն էլ համոզված է, որ առանց պատերազմի հնարավոր է վերադարձնել տարածքները. «Լավ դիվանագիտությունը, լավ դիվանագետները հնարավորություն ունեն այդ գործն անեն»:
Հարակից հրապարակումներ`
- Հադրութցի. ՀՀ-ն սոցիալական օգնություն տրամադրում է, սակայն այն չպետք է լինի ժողովրդին լռեցնելու կամ գոհացնելու համար
- Հադրութցի. Ու դու էսօր ասում ես թե արցախցին թո՞ւրք ա...
- ԱԳՆ. Ադրբեջանցիները փորձում են անհնար դարձնել Շուշի և Հադրութ բնակիչների վերադարձը
- Հադրութը երբեք ադրբեջանական քաղաք չի եղել․ Արփի Վանյան
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց