Պետք է Կառավարությանն առաջարկել, որ կրճատի 44-օրյա պատերազմին մասնակցած տղաների ծառայության ժամկետը. Հովսեփյան
«Այսօր մենք ընունեցինք օրենք ժամկետային զինծառայությունից խուսափած անձանց համաներում շնորհելու մասին, և որևէ մեկը չմտածեց՝ իսկ ի՞նչ վիճակում են զինվորները, որ 44 օր պատերազմ անցան և դեռ շարունակում են ծառայել»,- այսօր խորհրդարանում իր ելույթի ընթացքում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Նա հիշեցրեց, որ պատերազմից հետո ծառայությունը շարունակող զինվորների ծնողներն իրենց երեխաների իրավունքների, առողջության ու պատշաճ հերթափոխի մասին են անընդհատ բարձրաձայնում, բայց ոչ ոք ականջալուր չի լինում այդ հարցին։
«Ամենայն հարգանք տածելով այն մարդկանց հանդեպ, որոնք ինչ-ինչ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չեն ծառայել, և այսօր նրանց նկատմամբ համաներում է շնորհվում, ուզում եմ հասկանալ՝ իսկ ինչպիսի՞ վերաբերմունք պետք է ցուցաբերվի այն անձանց հանդեպ, որոնք դեռ շարունակում են ծառայել՝ 44 օր իրենց տեսածից հետո։ Այդ տղաների ծնողներն ակնկալիք ունեն, որ կկրճատվի իրենց որդիների ծառայության ժամկետը։ 1999, 2000 և 2001 թվականին ծնված երեխաների մեծ մասը զոհվեց, մյուսներն էլ գտնվում են բանակում՝ ունենալով հոգեբանական, առողջական լուրջ խնդիրներ։ Նրանք նաև սպասումներ ունեն մեզից, բայց որևէ ուշադրության չեն արժանանում։ Այս երեխաների իրավունքները պետք է նույնպես պաշտպանվեն»,- կարծիք հայտնեց նա։
Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ պետք է Կառավարությանն առաջարկել, որպեսզի կրճատվեն 44-օրյա պատերազմին մասնակցած տղաների ծառայության ժամկետները։
«Այն մարդիկ, որոնք մասնակցել են այդ ծանր պատերազմին, պետք է հնարավորություն ունենան «համաներման»։ Առանց այդ էլ նրանք անցել են ծանրագույն բաների միջով»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին