Պատերազմը սկսվեց, երբ մենք ամենաթույլն էինք. Արթուր Խաչատրյան
«Մենք շուրջ քառորդ դար գալիս էինք Եռաբլուր՝ մեր ընկերներին շնորհակալություն հայտնելու, որ մեզ հաղթանակ պարգևեցին։ Այսօր առաջին անգամ գալիս ենք մեր ընկերներից ներողություն խնդրելու, որ չկարողացանք պահպանել այն հաղթանակը, որն իրենք էին կերտել»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը։
Նաև՝ ներողություն են խնդրում, որ թույլ տվեցին ներքին ու արտաքին թշնամուն ստվերել այս տոնը, բայց խոստանում են, որ կվերականգնեն այն փառքն ու պատիվը, որ իրենք էին կերտել։
«Բոլորիս գիտակցումն ենք, եթե մենք կորցնենք Արցախը, կփակենք մեր պատմության վերջին էջը։ Դա հստակ գիտակցում է և այդ գիտակցումն է, որ ամբողջ աշխարհում բռունցքել է հարյուր հազարավոր հայեր, ովքեր պատրաստ չենք համակերպվել այն իրավիճակին, որ 6 ամիս առաջ հաստատվեց Հայաստանում և Հայաստանի արցախյան հատվածում»,- ասաց Ա. Խաչատրյանը։
Նա նշեց, որ միայն հզոր Հայաստան, Արցախ ու բանակ կերտելու դեպքում կկարողանանք ապահովել արժանապատիվ խաղաղություն, ինչը կերաշխավորի հայ ազգի արժանապատիվ կյանքն այս տարածաշրջանում։
«30 տարի եթե բանակը թալանվեր էր, զինորները սոված էին ու մերկ, ինչո՞ւ պատերազմը 30, 25 տարի առաջ չսկսվեց։ Թշնամին հարձակվում է այն ժամանակ, երբ դու ամենաթույլն ես։ Պատերազմը սկսվեց, երբ մենք ամենաթույլն էինք, երբ բանակը, հասարակության համերաշխությունը գիտակցաբար քայքայվեց։ Երբ հզորանաս, թշնամին չի հարձակվի»,-ասաց ՀՅԴ-ական Ա. Խաչատրյանը։