Փաշինյանն իր գիրանալն էլ կարող է պետության համար որպես ձեռքբերում ներկայացնել. հոգեբան
«Փաշինյանի երեկվա ճառը եզակի չէր, դա «100 փաստ» շարքի նման էր, երբ որպես ձեռքբերում էր ներկայացվում այն, որ ձմռանը ձյուն է գալիս, ու սկսում էին ասել՝ փա՛ռք Նիկոլին»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանն՝ անդրադառնալով երեկվա ԱԺ հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «աննախադեպ ձեռքբերումներին»։
Ըստ նրա, Փաշինյանի ճառի մեծ մասը կառուցված էր «ապառնի» ժամանակով՝ 2021-ի կատարվելիքն էր ներկայացվում, օրինակ՝ 2021 թվականին Սևանի մակարդակը կբարձրանա, կբացվեն գործարաններ, Հայաստանը կզբաղվի բամբակագործությամբ։
«Ո՞ւմ համար են այդ հայտարարությունները։ Բոլորս էլ գիտենք, որ համայնքներում կան մարդիկ, որ ապրում են «Հ1»-ի Հայաստանում, համացանցը թույլ է, ալիքները քիչ են։ Հիմա այդ մարդը «Հ1»-ի Հայաստանում է ապրում։ Դե այդ մարդիկ մտածում են՝ իրենք հեռու տեղում են ապրում, մինչև փոփոխություններն իրենց հասնեն, ժամանակը կանցնի»,- նշեց հա։
Հոգեբանը նկատեց՝ Սևանա լճի մակարդակի բարձրացման մասին Նիկոլ Փաշինյանն այնքան պաթետիկ տոնով է խոսում, որ լսողին թվում է, թե աննախադեպ բան է կատարվել, որի նմանը երբևէ էլ չի եղել։
Ըստ նրա, սակայն, երբ մասնագետներն արձագանքում են այդ և նմանատիպ հայտարարություններին, «Հ1»-ի Հայաստանում ապրողների համար դա անհասանելի է մնում, քանի որ այդ արձագանքը Հանրային հեռուստաալիքով չի լինում։
«Աննախադեպ բառը Նիկոլ Փաշինյանի բառն է, ինքն իր ծնունդը, ծամելը և քաշի ավելացումն էլ է համարում աննախադեպ։ Դա կարող է պետության համար որպես ձեռքբերում ներկայացնել։ Մենք բոլորս պետք է ուրախանանք, որ նա չաղացավ այս երեք տարում, դա էլ է իր կյանքի համար աննախադեպ, երբեք այդպես չէր ծամել»,- կարծիք հայտնեց նա։
Ըստ Միհրդատ Մադաթյանի, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի ուսուցիչները, որոնք նրան խորհուրդներ էին տալիս 2018-ին, հիմա չկան, քանի որ վերջին շրջանում նրա քայլերում ինքնագործունեության տարրերը շատ նկատելի են։
«Նոր աշակերտներ գծագրվում են, նոր Նիկոլներ են ի հայտ գալիս, բայց այսօր ինքը կիրառում է այն, ինչ իրեն 2018-ին էին սովորեցրել։ Օրինակ՝ միտինգներից հետո նրան չսովորեցրին ԱԺ-ում միտինգ չանել, այլ՝ ելույթ ունենալ։ Ինքը միտինգային ոճով շարունակեց 3 տարի շարունակ։ Մենք այսօր Կառավարության նիստում տեսնում ենք՝ Նիկոլը էլի միտինգ է անում, սուտ խոստումներ տալիս»,- նշեց նա։
Բայց և այնպես, Միհրդատ Մադաթյանի խոսքով, եթե 2018 թվականին ժողովրդի մոտ կար էմոցիոնալ պիկ, ապա հիմա դա էլ չի անցնում, հոգեբանական այդ էքսպրեսիաները սկսում են դուր չգալ. «Քրոնիկ մուննաթ է գալիս այդ մարդը ժողովրդի վրա, ամեն ինչում ժողովուրդն է մեղավոր, բացի իրենից բոլորը մեղավոր են։ Հիմա ինքը Արցախը հանձնել է ու էլի մեղավոր է գտել»։