Սոթքի հանքն աշխատում է, մոտ 280 աշխատողի կրճատում է եղել. Սանոսյան
«Սահմանագծի փոփոխությունից հետո կան վայրեր, որտեղ բնակլիմայական պայմանները, ռելիեֆը շատ բարդ են և որոշ հատվածներում հակառակորդը տեղակայման գործընթաց չէր արել, հիմա եղանակային պայմանները փոխվել են տեղակայման պրոցես են անում, մեր Զինված ուժերն էլ հետևում են, որպեսզի իրենք իրենց տեղակայման վայրերից առաջ չգան, քանի որ ռելիեֆը բարդ է, հեշտ չէ սահմանագիծը որոշել»,- այսօր Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով մարզի՝ սահմանամերձ դարձած համայնքներում տիրող իրավիճակին։
Նա վստահեցրեց, որ Գեղարքունիքում այն վիճակը չէ, ինչ արձանագրվել է Սյունիքում, այսինքն՝ հակառակորդը չի հատել ՀՀ պետական սահմանը և առաջխաղացում չունի։
«Հայաստանի պետական սահմանը պահպանվել է՝ մեկ-երկու տեղ լանջով սահմանագիծ կար, որոնց շուրջ անհամաձայնություններ էին, մերոնք պնդում էին, որ պետք է այդ հատվածից ներս նստեն, այդ հարցն էլ ընթացքում կարգավորվեց: Հիմա բացարձակապես լարվածություն չկա։ Բնակիչների շրջանում անհանգստություն չկա։ Ես երեկ եղել եմ Վերին Շորժայում, եղել եմ այն հատվածում, որտեղ այդ աշխատանքներն են իրականացվել, և մեր Զինված ուժերը աշխատում են, քարտեզները կան, սա այն նույն պրոցեսն է, որը կար նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին»,- ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետը։
Դիտարկմանը, որ պաետրազմի ընթացքում էլ անընդհատ ասվում էր, որ ամեն ինչ լավ է, հիմա ինչո՞ւ պետք է հանրությունը անհանգիստ չլինի, Գնել Սանոսյանն արձագանքեց՝ ասելով, որ հանրութունը օրերի ընթացքում իրականությունը տեսնելով կհավատա իրենց, կտեսնի, որ խնդիր չկա։
Հարցին, թե Սոթքի ոսկու հանքում ի՞նչ վիճակ է, արդյո՞ք հանքն աշխատում է, աշխատակիցների շրջանում կրճատումներ եղե՞լ են, Գնել Սանոսյանը պատասխանեց.
«Հանքն աշխատում է, մոտ 280 աշխատողի կրճատում է եղել»։
Հարակից հրապարակումներ`
- Գեղարքունիքից ընտրված պատգամավոր. Քիչ առաջ զրուցել եմ նաև մեր բանակային կորպուսի հրամանատարի հետ
- Կառավարությունն այսօրվա նիստում կորոշի Սոթքի ոսկու հանքի պաշարները վերագրել արտահաշվեկշռային խմբին
- Սոթքի հանքավայրի աշխատակիցները հանք տանող ավտոճանապարհը և երկաթգիծը փակ են պահում. Թովմասյան
- Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը պետք է ապաշրջափակվի. Թագուհի Թովմասյան