«Ես ավելի ամուր եմ քայլում այս հողի վրա, որովհետև հերոսի մայր եմ»
Մի շարք մշակութային գործիչներ և զոհվածների ծնողներ այսօր հավաքվել էին նշելու ընտանիքի միջազգային օրը: Yerevan.Today-ի հետ զրույցում զոհված զինծառայող Վահե Կարապետյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը նշել է՝ հպարտ է, որ ունի հայկական ընտանիք, որ հիմա ողջ հայ ազգն իր ընտանիքն է, որ ունի ընտանիք, որն ունի հայկական ընտանիքին բնորոշ բոլոր դրսևորումները։
«Ես այսօր ունեմ և՛ լավ զգացողություններ և՛ տխրություն, քանի որ ունեցել եմ շատ լավ ընտանիք, շատ ուժեղ ընտանիք, ունեմ շատ լավ ամուսին, շատ լավ երեխաներ, բայց ավաղ, տղաս զոհվեց։ Կարծում եմ, որ ես զավակ եմ տվել այս մեծ ընտանիքին, ու կարծում եմ, որ մեր պետությունը պետք է համախմբվի, դառնա մեծ ընտանիք, որ մենք կարողանանք մեր ցավը ոչ միայն մեր ընտանիքների մեջ պարփակված տանել, այլ՝ մեր մեծ ընտանիքի մեջ, որի մի մասնիկն ենք մենք»,- ասել է Վահե Կարապետյանի մայրը։
Պատերազմում զոհված Խորեն Հաջաթյանի մայրը՝ Ասյա Սահակյանն էլ նշել է՝ ինքը հպարտ է, որ հերոսի մայր է:
«Ես և՛ տխում եմ, և՛ հպարտ։ Տխուր եմ, որ հիմա ինձ հետ չի իմ որդին, բայց ուրախ եմ շատ, որ ես կարողացել եմ իմ երեխային դաստիարակել որպես հայրենասեր մարդ։ Ես հասել եմ նրան, որ իմ տղան իրոք հայրենիք է պաշտպանել, և ես ավելի ամուր եմ քայլում այս հողի վրա, որովհետև հերոսի մայր եմ։ Շատ կուզեի, որ Հայաստանում բոլորն իրենց երեխաներին դաստիարակելիս առաջնային տեղը տան հայրենիքին, ասեն, որ ամենակարևորը հայրենիքն է։ Երբ պատերազմի ժամանակ տղայիս հետ խոսում էի, ասում էի՝ դու ես մեզ պետք, ինքն էլ ասում էր, որ մեր հողը ոչ մեկին չի տա»,- պատմել է Խորեն Հաջաթյանի մայրը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան