ՀՅԴ Բյուրո. Այսօր արդեն վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը
Արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանը, ոչ միայն շարունակում է սպառնալիքներ հնչեցնել եւ պահանջներ ներկայացնել, այլեւ բացահայտ քայլեր է ձեռնարկում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ։
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն.
«Կոպտորեն ոտնահարելով նոյեմբերի 9-ի զինադադարի եռակողմ հայտարարության դրույթները, Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է վերադարձնել գերիներին եւ այլ պահվող անձնանց, այլեւ Արցախի Հանրապետության Խծաբերդի, Հին Թաղերի ռազմակալումից, ապա նաեւ կասկածելի հիմքերով իրականացված սահմանազատումներից հետո, չհանդիպելով որեւէ դիմադրության, անցել է բացահայտ զավթողական քաղաքականության։
2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ ռազմավարական ուղղություններով ադրբեջանական զինուժը հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ խորացել մի քանի կիլոմետր։ Ադրբեջանական զինվորականների ներխուժման արդյունքում առաջացել են անվտանգային լրջագույն սպառնալիքներ։ Հեռահար նպատակադրումներով կատարված ադրբեջանական բացահայտ ագրեսիան ստեղծել է ռազմական բախման եւ պատերազմի իրական վտանգ։
Օգտվելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների հանցավոր անգործությունից, Ադրբեջանը փորձում է թելադրել իր կամքը՝ ոտնահարելով միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը։ Այսօր արդեն վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի ագրեսիան կանխելու, հակազդելու փոխարեն Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչախումբը շարունակում է իր ապաշնորհ կառավարմամբ կործանման տանել երկիրը։
Այս ընթացքը պարտավոր ենք կասեցնել։ ՀՅ Դաշնակցության Բյուրոն աշխարհի տարբեր երկրներում զորաշարժի է ենթարկել Դաշնակցության բոլոր կարելիությունները՝ Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու ուղղությամբ, միաժամանակ պատրաստ լինելով ինքնակազմակերպվելով պաշտպանել մեր պետությունն ու քաղաքացների անվտանգությունը»:
Հարակից հրապարակումներ`
- Գիշերը Ադրբեջանը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել
- Ինչ տեղի է ունենում Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում, կարող է ընդլայնվել ու ընդգրկել այլ մարզեր, այլ տեղամասեր. Աբրահամյան
- Սյունիքում ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանական խմբի հետ բանակցությունները կշարունակվեն վաղը
- Սյունիքում ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանական խմբի հետ բանակցում է նաև Մուրադովը
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում