Հետպատերազմյան վեց ամսում դիրքերի կահավորման ուղղությամբ չի արվել որևէ բան․ Հրաչյա Պետրոսյանց
Ռազմական տեսանկյունից որևէ հույս չկա, որ թշնամին կամովին հետ կքաշվի զբաղեցրած դիրքերից, նրան պետք է հարկադրել որոշակի միջոցներով՝ քաղաքական և դիվանագիտական, բայց ամենակարևորը ռազմական ուժի կիրառումն է. ողջամիտ ժամկետ տալու մասին ՊՆ երեկվա հայտարարությունն ուշացած էր, առաջին իսկ օրը ՀՀ-ում պետք է հայտարարվեր ռազմական դրություն, տեղի ունենար մոբիլիզացիա, ձևավորվեին նոր զորամասեր: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ, պահեստազորի փոխգնդապետ Հրաչյա Պետրոսյանցը:
«Հակաքայլերով պետք է ցույց տալ, որ պատրաստ ենք ուժով պաշտպանելու մեր երկրի սուվերենությունը: Մղվում է տեղեկատվական պատերազմ, որից օգտվում է հակառակորդը: Այն ուղղակիորեն ազդում է ամբողջ ազգաբնակչության վրա: Իշխանությունը պետք է կարողանա այնպիսի վստահություն ստեղծել, որ իր տված տեղեկատվությանը հավատան, բայց ակնհայտ է, որ այդ տեղեկատվությունը ոչ լիարժեք է»,- ասել է ռազմական փորձագետը:
Ըստ Պետրոսյանցի՝ պետական սահմանի պաշտպանության խնդիր իրականացնելիս պետք է կանխատեսել թշնամու գործողությունները և կանխել դրանք. «Կոնկրետ ուղղություններով մարտական հերթապահություն չի իրականացվել, մեր կողմից չկահավորված հատվածներում հակառակորդն անարգել առաջ է եկել: Եթե մայիսի 12-ի դրությամբ ունենայինք կահավորված սահման, այնտեղ լիներ մեր զինվորը, նա կրակ էլ կբացեր, մարտի մեջ էլ կմտներ: Մենք պարտավոր էինք ունենալ նման դիրքեր, քանի որ ստեղծված վիճակը պարտադրում է ամենաարագ միջոցները ձեռնարկել սահմանը կահավորելու համար»:
Փորձագետի կարծիքով՝ թշնամական պետությունն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ ուժով բացելու է Զանգեզուրի միջանցքը, իսկ մենք հանցավոր անգործություն ենք ցուցաբերում. «Ցավոք, այսօր մեր հասարակությունը պատրաստ չէ պատերազմի: Իսկ որպեսզի հակառակորդին թույլ չտանք իրականացնել իր ծրագիրը, մենք պետք է պատերազմի մեջ մտնենք: Ունեինք վեց ամիս, այդ ընթացքում ոչինչ չի արվել, մենք պետք է կանխարգելեինք սա, պետք է հասկանալ՝ ինչո՞ւ չի արվել, սա կարող է լինել հանցավոր անփութություն, միտումնավորություն, կամ փափուկ բարձ՝ դրված պատասխանատուների գլխի տակ»:
Փոխգնդապետի պնդմամբ՝ ցանկացած պետություն ձգտում է հնարավոր պատերազմն իրենից հեռացնել, այդ պատճառով էլ հակառակորդը քայլ առ քայլ առաջ է գալիս ՀՀ տարածքում: «ՀՀ-ում չկա գեթ մեկ միլիմետր, որը մեզ համար ռազմավարական կարևորություն չունենա, մենք չունենք անկարևոր բարձունքներ կամ տարածքներ: Մենք օպերատիվ խորություն կամ թիկունք չունենք, ՀՀ ամբողջ տարածքն ընդամենը մարտավարական խորություն է, և մենք անգամ մեկ մետր զիջելու իրավունք չունենք: Նաև այդ պատճառով այսօր ՀՀ դեմոգրաֆիական վիճակը խնդրահարույց է: Սահմանին ունենք անվտանգության գոտու կարիք, մեր հոգեբանական խնդիրը հաղթահարելու համար պետք է անվտանգ տարածք ստեղծենք, դրա համար պետք է ունենալ Հայաստանի անվտանգությունն ապահովող և մի քանի կմ լայնությամբ ապառազմականացված գոտի»,- ամփոփել է Հրաչյա Պետրոսյանցը:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան