Ոստիկաններին տրվել են 91 մլն դրամի լրացուցիչ պարգևատրումներ. Արա Ֆիդանյան
«2020 թվականին ոստիկանության 689 ծառայողի վճարվել է 91 մլն դրամ լրացուցիչ միանվագ պարգևատրում»,- խորհրդարանում 2020 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:
Նրա տեղեկացմամբ, 2 դեպքով եղել է 500 հազար դրամի չափով առավելագույն պարգևատրում՝ առանձնապես ծանր հանցագործությունները բացահայտելու համար:
Ֆիդանյանը հայտնեց, որ վերոհիշյալ պարգևատրումները տրվում են ի լրումն ամենամսյա պարգևատրումների և նպատակ են հետապնդում խթանել ոստիկանության ծառայության մոտիվացիան և աշխատանքի արդյունավետությունը:
Նրա խոսքով՝ մինչև 500 հազար դրամի լրացուցիչ միանվագ պարգևատրումները հստակ սահմանված որոշակի հանցագործությունների բացահայտման կամ կանխման համար են նախատեսված:
Փոխոստիկանապետի տեղեկացմամբ՝ ուժային այդ կառույցի 2020 թվականի բյուջեն կազմել է 65 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 68.7 մլրդ դրամի դիմաց, իսկ դրանից ծախսվել է 63.8 մլրդ դրամը:
Նա շեշտեց, որ ոստիկանության բյուջեի 76.7%-ը՝ 48.5 մլրդ դրամը, ուղղվել է աշխատավարձերի վճարմանը:
Ֆիդանյանի հավաստիացմամբ՝ ոստիկանների միջին աշխատավարձը պարգևատրումների հետ միասին կազմել է 281 հազար դրամ, որը 2018 թվականի համեմատ աճել է 40 հազար դրամով:
Տեղեկացնելով, որ ոստիկանության ընթացիկ ծախսերը նվազել են 2 մլրդ դրամով՝ Ֆիդանյանն ասաց. «Այն հիմնականում պայմանավորված է ՊՊԳՎ վերակազմավորման գործընթացի շրջանակներում մի շարք կայուն պահակակատերով պետական պահպանվող օբյեկտների պահակության դադարեցումով և դրանց պահպանությունը մասնավոր պահնորդական կազմակերպություններին փոխանցելով»:
Հարակից հրապարակումներ`
- Մհեր Գրիգորյանը չի կարծում, որ ունենք իրավիճակ, որտեղ Արա Այվազյանի հրաժարականում նշած խնդիրը գոյություն ունի
- 2020թ. հարկային եկամուտները նախորդ տարվա համեմատ նվազել են շուրջ 5.4 %-ով. Մարտին Գալստյան
- Պետական մարմինների գրեթե կեսում 2020թ. ներքին աուդիտ չի իրականացվել. Լևոն Յոլյան