Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով Սանկտ Պետերբուրգում է՝ մասնակցելու հունիսի 2-5-ը կայանալիք Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին։ Այս մասին տեղեկանում ենք դատախազության պաշտոնական կայքից:
Արթուր Դավթյանը կմասնակցի համաժողովի շրջանակում կայանալիք «Ներպետական իրավասության նկատմամբ վստահությունը որպես տնտեսության զարգացման և բիզնեսի պաշտպանության գործոն» թեմայով քննարկմանը, որին մասնակցելու են նաև օտարերկրյա պետությունների գլխավոր դատախազներ։
Նախօրեին Սանկտ Պետերբուրգում կայացել է Արթուր Դավթյանի հանդիպումը Իգոր Կրասնովի հետ: Գլխավոր դատախազներն անդրադարձել են ՀՀ տարածքում սահմանապահ, իսկ Արցախի Հանրապետությունում խաղաղարար առաքելություն իրականացնող ռուսական զինվորական անձնակազմերի քրեաիրավական պաշտպանության շրջանակում ծառայություն իրականացնող ՌԴ դատախազության և քննչական մարմնի աշխատակիցների և Հայաստանի, Արցախի իրավապահ մարմինների միջև գործակցության մեխանիզմներին, հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի բացառման կամ տեղի ունեցած նման դեպքերի օպերատիվ արձանագրման և արձագանքման կապակցությամբ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը:
ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է հատկապես 2020թ. տեղի ունեցած Արցախյան պատերազմից հետո առաջացած հումանիտար խնդիրների լուծմանը, ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած և զոհված զինծառայողներին հայտնաբերելու, նրանց վերաբերյալ տվյալների ճշգրտման գործընթացում ՌԴ գլխավոր դատախազության և անձամբ Իգոր Կրասնովի շահագրգիռ և սրտացավ ներգրավվածությունը:
Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է նաև միջազգային իրավունքի և 2020թ. նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների կողմից ստորագրված հրադադարի հաստատման վերաբերյալ եռակողմ հայտարարության 8-րդ կետի համաձայն Ադրբեջանում պահվող, գերեվարված հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց վերադարձման, նրանց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը: Արթուր Դավթյանն ընդգծել է, որ հայտարարության 8-րդ կետի լիարժեք կատարումը և հումանիտար բնույթի խնդիրների լուծումը կարող են բավարար երաշխիք դառնալ տարածաշրջանում խաղաղության, տնտեսական և այլ ոլորտներում արդյունավետ և անվտանգ համագործակցության համար:
Հանդիպման արդյունքում Արթուր Դավթյանը և Իգոր Կրասնովը ստորագրել են ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների 2021-2025թթ. համագործակցության առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ հուշագիր: Այդ առաջնահերթություններից են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունները, ահաբեկչությունը և ծայրահեղականությունը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացումը, արտերկրից ակտիվների վերադարձը, զենքի, պայթուցիկ նյութերի և սարքերի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունը, կոռուպցիան, նացիզմի, նեոնացիզմի հերոսացման դեմ պայքարը և այլն: