Յուրի Ջորկաեֆ. «Միշտ այստեղ կլինեմ՝ երեխաներին օգնելու համար»
Ինչպես արդեն նշել ենք, ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը այսօր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի թիմի կազմում մասնակցեց Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի հետ բարեգործական հանդիպմանը, որի նպատակն է աջակցել սահմանամերձ Խաչիկ գյուղի դպրոցին, ինպես նաև Գավառ քաղաքի մանկատանը: Խաղից հետո նա մեր թղթակցի հետ զրույցում շեշտեց, որ հաճախ է մասնակցում նման միջոցառումների՝ երեխաներին օգնելու համար:
- Ի՞նչ կարծիք ունեք բարեգործական խաղերի վերաբերյալ:
- Միշտ լավ է, երբ խաղում ես և անում ինչ-որ բան՝ երեխաներին օգնելու համար: Դա միշտ մեծ հաճույք է ինձ համար:
- Կուզենայի՞ք այսպիսի ևս մեկ խաղի մասնակցել:
- Այո: Միշտ մասնակցում, նաև կազմակերպում եմ այսպիսի հանդիպումներ: Միացյալ Նահանգներում ունեմ բարեգործական հիմնադրամ, որն զբաղվում է կարիքավոր երեխաներին օգնելով: Ամեն տարի բարեգործական հանդիպումներ եմ կազմակերպում մեծ խաղացողների մասնակցությամբ, որոնցից ստացված ամբողջ գումարը ծախսվում է երեխաներին օգնելու նպատակով:
- Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի հավաքականի մասին:
- Կարծում եմ` լավ թիմ է (լույսը հանդերձարանում անջատվեց-խմբ.): Հենց խոսում եմ հավաքականի մասին, լույսը անջատվում է (ծիծաղում է): Կան լավ խաղացողներ: Խնդիրն այն է, որ ոչ մի կերպ չի ստացվում առաջխաղացում ունենալ: Բայց ներդրումների շնորհիվ ապագայում հնարավոր է լավ արդյունքի հասնել: Հայաստանը մարզական երկիր է, իսկ երեխաների համար սպորտը շատ կարևոր է: Մարմնամարզությունը, ֆուտբոլը, սպորտի բոլոր տեսակները շատ կարևոր են երկրի համար:
- Կուզենայի՞ք գլխավորել Հայաստանի հավաքականը:
- (Ծիծաղում է): Գիտեի, որ այդ հարցն ուղղելու եք ինձ: Դա իմ ձեռքերում չէ, ես չեմ որոշողը, բայց կարծում եմ՝ լավ կլիներ անել դա: Ուրախ կլինեի: Հայաստանը իմ տատերի և պապերի երկիրն է, իմ մեջ հայկական արյուն է հոսում, և ուրախ կլինեմ մի օր օգնել այդ թիմին:
- Անրիի և Զիդանի պես լեգենդների հետ խաղալն ինչպիսի՞ զգացողություն է:
- Ինչքան շատ են լավ խաղացողները քո թիմում, այդքան դու ես լավը դառնում, այդքան ավելի լավ ես խաղում: Ես շատ լավ հնարավորություն եմ ունեցել՝ խաղալու նման մեծ ֆուտբոլիստների կողքին:
- Այն ֆուտբոլիստներից, ում հետ խաղացել եք, ո՞վ է մեծագույնը:
- Ռոնալդոն: Բրազիացի Ռոնալդոն: Մինչև վնասվածք ստանալը նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն էր:
Օգտվելով առիթից՝ ուզում եմ մի բան ավելացնել. ինչ ժամանել եմ Հայաստան, ամեն ինչ հրաշալի է. զարմացած եմ, թե ինչքան են ինձ այստեղ սիրում, և ինչքան եմ ես սիրում մարդկանց: Շատ եմ սիրում այս երկիրը: Շնորհակալ եմ բոլորին: Շնորհակալ եմ լրագրողներին, ովքեր ուղեկցում են ինձ: Կտեսնվենք վաղը` առաջին կիսամարաթոնի ժամանակ: Մեր չեմպիոն Ռոբերտը (Էմմիյան-խմբ.) հրավիրեց ինձ, և ես մեծ հաճույքով ընդունեցի հրավերը: Դա ինձ համար շատ կարևոր է: Սպորտը, ոչ միայն ֆուտբոլը, շատ կարևոր է ինձ համար: Կվազեմ մի քիչ, չեմ կարող վազել ամբողջը: Ներկա եմ լինելու, որպեսզի աջակցեմ հայոց ժողովրդին: Ամենակարևորն այն է, որ օգնենք երեխաներին և ներգրավենք նրանց: Միշտ այստեղ կլինեմ՝ երեխաներին օգնելու համար: