Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ քաղաքական ուժերին. Դիրքորոշում հայտնեք «Հայկականության օրենքի» մասին
«Արցախի մասին գրեթե ոչ ոք չի խոսում, սահմանային լարվածությունը դարձել է քաղաքական շահարկման առարկա։ Խնդիրները շատ են։ Բայց մի կարևոր հարց կա, որի վրա ուզում եմ ուշադրություն հրավիրել»,- նախընտրական քարոզչության անցած օրերն ամփոփելով՝ ասաց քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում։
Նա անդրադարձավ «Ադեկվադ» միաբանության կողմից «Հայակականության օրենքի» ընդունման անհրաժեշտության մասին նախաձեռնությանը։
Հիշեցնենք, որ միաբանությունը դիմել է ընտրություններին մասնակից քաղաքական ուժերին՝ դիրքորոշում հայտնելու նման օրենքի ընդունման վերաբերյալ։
«Շատ տրիվիալ է հնչում նման օրենքի անհրաժեշտությունը, բայց մենք գիտենք իրականությունը, մեր պետությունը զավթված է օտարերկրյա գործակալական ցանցի կողմից, պետությունն օրենք է ընդունում օրինակ թրքասիրության մասին, երբ թուրքին վիրավորողը կարող է պատասխանատվության ենթարկվել, բայց հայկականության օրենք չկա»,- նշեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ դրա անհրաժեշտությունը մեծ է, ինքը լիարժեք պաշտպանում է այդ օրենքի գաղափարախոսությունը։
Մելիք-Շահնազարյանն ասաց, հանդիպել է «Ադեկվադ»-ի տղաների հետ, քննարկել այն, պատրաստ է աջակցել ամեն կերպ՝ նման օրենք ընդունելու համար։
«Կոչս ընտրություններին մասնակից ուժերին՝ խնդրում եմ դիրքորոշում արտահայտել այս օրենքի նախագծի հետ կապված, ինչի՞ եք պատրաստ դուք Հայաստանում հայկականությունը պաշտպանելու և մեր շահը առաջ տանելու համար։ Իհարկե, այս կոչս բոլորին չէ ուղղված, նրանց մեծամասնությունը որևէ արժեք չունեն, շատերն էլ ճիշտ հակառակ ծրագրերով են գործում»,-ասաց նա՝ ավելացնելով, որ դավաճաններին վռնդելու գործին լծված ուժերից ակնկալում է հնարավորինս շուտ արձագանք։