Որքան էլ ֆենոմենալ է, Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական թիրախները հայերն են․ պատմաբան
«Հայաստան» դաշինքը հանդես է գալիս կոնկրետ ծրագրով, տեսլականով, իսկ հեռացող իշխանության ղեկավարը միայն ատելության խոսքով:Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ պատմաբան Ռուբեն Մելքոնյանը՝ նշելով, որ քարոզարշավի ընթացքում ոչ միայն ձևավորվել է երկու հստակ բևեռ, այլև ձևավորվել են բևեռներ ասելիքի և դրա բացակայության:
«Նրա ելույթները ցույց են տալիս, որ ասելիք չունի: Հիմա արձանագրվում է, որ նրա քաղաքական և հռետորաբանական զինանոցը դատարկ է: Տարբերություն է նկատվում նաև պրոֆեսիոնալիզմի և դիլետանտիզմի միջև։ Հեռացող իշխանությունը, քանի որ ասելիք չունի, կրկնում են նախկին թեզերը՝ համեմելով ատելության խոսքով»,-ասաց նա և ավելացրեց․«Որքան էլ ֆենոմենալ է, Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական թիրախները հայերն են, Հայաստան պետությունը կերտած անձինք, Հայաստանի քաղաքացիները, ընդդիմադիրները: Նրանց խոսքում հիմա էլ չենք տեսնում մեր հակառակորդների մասին որևէ արձանագրում: Նրանք բոցավառ ատելությամբ շարունակում են թիրախավորել Հայաստանի համար լուրջ ներդրում ունեցած անձանց»։
Նրա խոսքով ՝ հեռացող իշխանության պարագլուխը այսօր թիրախավորել է եկեղեցուն՝ հայտարարելով, որ հոգևոր էլիտան ծնկի է գալու:
«Սա ևս մի վկայություն է, որ այս իշխանության կրոնական, պետական ընկալումները այդ իշխանության շրջանում որևէ տեղ չունեն»,-ասաց պատմաբանը: