Գրաքննումն արգելվում է. ՀՌԱՀ-ը Հ1-ին հորդորել է իրականացնել ստանձնած պայմանագրային պարտավորությունները
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը պատասխանել է Հանրային հեռուստաընկերությանը հուզող հարցերին, որոնք վերաբերում են կուսակցությունների և դաշինքների նախընտրական տեսահոլովակները հեռարձակելուն։
ՀՌՀ-ից հայտնել են, որ տեսալսողական տեղեկատվության գրաքննումն արգելվում է։ Հանրայինի տնօրենի անունից ուղղված գրությանը կից ներկայացվել էին նաև տեսահոլովակներ, որոնց նկատմամբ, ըստ հանձնաժողովի, զտման, խմբագրման, միջամտության գործընթացը կարող է իր մեջ պարունակել գրաքննության տարրեր։
Հորդորել են ձեռնպահ մնալ և իրականացնել ստանձնած պայմանագրային պարտավորությունները։
Հանրայինի տնօրեն Հարություն Մովսիսյանը հետաքրքրվել էր այն մասին, թե արդյոք «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը» պարտավոր է հեռարձակել կուսակցությունների եւ դաշինքների այն տեսահոլովակները, որոնք ակնհայտորեն ունեն վիրավորական, զրպարտչական, այլ անձանց իրավունքները խախտող, ատելության խոսք տարածող կամ այլ՝ բարեվարքության ակնհայտ կանոններին հակասող բնույթ, ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հայտնել է, որ նման արտադրանք հեռարձակելը առհասարակ խրախուսելի չէ, սակայն, բարձրացված խնդրի վերաբերյալ գնահատակաները պետք է համապատասխանեն իրավակիրառ պրակտիկային.
«Քանի որ նախընտրական քարոզչության ընթացքում «Հանրային հեռուստաընկերության» ու կուսակցությունների և/կամ դաշինքների միջեւ կնքվում է պայմանագիր՝ նախընտրական քարոզչության լուսաբանման վերաբերյալ, ապա սույն համատեքստում գտնում եմ, որ եթե, այնուամենայնիվ, առկա է վիճելի իրավիճակ՝ ատելության խոսքին, վիրավորանքին եւ այլոց իրավունքները խախտելուն իրավական գնահատական տալուն, ապա անհրաժեշտ է դիմել դատարան, նման իրավական գնահատական ստանալու համար, ինչպես նաեւ զուգահեռաբար շարունակել իրականացնել պայմանագրային պարտավորությունները»:
Հակոբյանը հիշեցրել է, որ հանրային հեռարձակողը նախընտրական քարոզչության իրականացման ժամանակ անվճար և վճարովի եթերաժամը տրամադրում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով: Իսկ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն իրավասու չէ Հանրային հեռարձակողի ծրագրային քաղաքականության մշակմանը և միայն վերահսկում է նախընտրական քարոզչության կարգի պահպանմանը:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Հանրային բարձր վստահությունն ու հեղինակությունը ամենից թանկն է
- Պաշտպանը հարցումներ կուղարկի Հ1 և ՀՌԱՀ
- Փաշինյանը հիստերիկացել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարկանիշի կտրուկ հանրային աճից. Աշոտյան
- Պետք է Հ1-ով նախընտրական բանավեճը կազմակերպվի նոր սկզբունքով, այլապես հրաժարվելու ենք մասնակցել. 10 կուսակցությունների հայտարարությունը
- Հ1-ի կողմից կազմակերպվող ընտրական ցուցակների առաջնորդների բանավեճը խտրական սկզբունքով է պլանավորվում. Նորիկյան