Այլևս չի կարելի թույլ տալ, որ շարունակվի անբարո բառապաշարով խոսքը Եկեղեցու, նրա սպասավորների ու հավատավոր հետևորդների մասին. Տեր Եսայի
Տեր Եսայի քահանա Արթենյանը գրում է.
«Դատապարտում ենք մանիպուլիացիան Հայ Եկեղեցու և հոգևորականների դեմ
Խստիվ դատապարտելի է նախընտրական քարոզարշավում ատելության, վիրավորանքի ու կեղծ տեղեկություններով մանիպուլիացիաներ անելու արատավոր վարքագիծը:
Քաղաքական շահերից ելնելով՝ քաղաքական որոշ ուժեր ջանք ու եռանդ չեն խնայում՝ շարունակելով վիրավորանք տարածել հազարամյակների մշակույթ, պատմական մեծ առաքելություն ու դերակատարում ունեցող մեր Հայ Եկեղեցու ու նրա սպասավորների հեղինակության մասին:
Չճշտված լուրերի ու ստահոդ տեղեկությունների շարունակական շահարկումն, իրականում, արժեզրկում է դրանք տարածողներին: Չունենալով հիմնավոր ապացույցներ՝ ամիսներ շարունակ հին պատեֆոնի նման կրկնվող հիմարությունները մատուցվում են նոր էմոցիաներով՝ փորձելով էժան կերպով շահել մարդկանց ուշադրությունը: Սակայն դրանք պարզ ու բացահայտ մանիպուլիացիաներ են, որոնցից մեր ժողովուրդը պետք է զգուշանա:
Հասկանալով, որ այսօր պետք է համախմբվենք մեր երկիրը նորոգելու, կառուցելու համար, փորձել ենք հանդուրժող լինել՝ ամեն անպատեհ ասածին չարձագանքելով: Այսօր արդեն անհնար է հանդուրժել հակահայկական ու հակաեկեղեցական կեցվածքը: Այլևս չի կարելի թույլ տալ, որ շարունակվի անբարո բառապաշարով խոսքը մեր հոգևոր անվտանգության պահապան կառույցի՝ Հայ Առաքելական Եկեղեցու, նրա սպասավորների ու հավատավոր հետևորդների մասին:
Անջատ լինելով պետությունից, չունենալով պետական լծակներ, Հայ Առաքելական Եկեղեցին իր սպասավորների ու հավատավոր զավակների ջանքերով շարունակում է աջակցել բազում օրհասական խնդիրների լուծմանը՝ թե՛ սոցիալական, թե՛ հոգեբանական:
Այսօր, երբ կանգնած ենք պետականությունը կրկին կորցնելու մարտահրավերների առաջ, երբ անվտանգության հարցերը, գերեվարված մեր զավակների վերադարձը, անհետ կորածներին գտնելու հրամայականը, անտուն մնացած ու հաշմանդամություն ստացած մեր զավակների ամենօրյա խնդիրները հրատապ լուծումներ են պահանջում, քաղաքական որոշ ուժեր, թաքնվելով ընտրության շղարշի տակ, զբաղվում են կեղծ օրակարգեր ստեղծելով, վիրավորանք ու պառակտում տարածելով:
Աղոթքում ենք, որ Տերը զորացնի մեր ժողովրդին, թույլ չտա ընկնել մանիպուլյատիվ թակարդների մեջ:
Արատավոր ենք համարում նաև Աստվածաշնչից մեջբերումները քաղաքական ամբիոններում շահարկելու կեղծ բարեպաշտական կեցվածքը, քանի որ դա աղանդավորական շարժումներին բնորոշ գործելաոճ է՝ կոնտեքստից կտրելով՝ Աստծո խոսքը ծառայեցնել սեփական շահին:
Կրկին սթափության կոչ ենք անում՝ ավետարանական այս տողերը հիշեցնելով. «Ծածուկ ոչինչ չկա, որ չհայտնվի, ոչ էլ գաղտնի բան, որ չիմացվի և ի հայտ չգա։ Այսուհետև զգո՛ւյշ եղեք, թե ինչպես եք դուք լսում. որովհետև ով որ ունի, նրան կտրվի, իսկ ով որ չունի, և այն, ինչ որ նա կարծում է, թե ունի, կվերցվի նրանից» (Ղուկ․ 8։17-18):
Եվ «Ուրեմն ժամանակից առաջ մի՛ դատեք, մինչև գա Տերը, որ ի լույս է հանելու խավարի գաղտնիքները և հայտնի է դարձնելու սրտերի խորհուրդները» (Ա Կորնթ. 4:5)»:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին. Մայր Աթոռի արձագանքը
- Արթնանալ է պետք, ժողովուրդ. Բագրատ Սրբազան
- Գևորգ Դանիելյան. Տա Աստված՝ էլ երբեք չլինի հայ մարդ, որը ողջ գիտակից կյանքի պարտադիր մաս կհամարի Հայ Եկեղեցու դեմ արշավը
- Հեռու մնացե՛ք երկհազարամյա Հայոց Եկեղեցուց, հեռու պահե՛ք Ձեր ազգակործան ձեռքերը մեր Սրբության Սրբոցից. Տեր Առաքել Ամիրյան
- Որքան էլ լսելի լինեն ճիչեր և աղաղակներ, ստույգ է, հայ հոգևորականը չի իջնելու իր վեհ դիրքից. Ասողիկ աբեղա Կարապետյան
- Նա փորձում է դրանով վրեժ լուծել, թող փորձի, խնդիր չկա, ավելի պիտի իրեն խայտառակի․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
- Կոչ ենք անում քաղաքական ուժերին, հատկապես իշխող կուսակցությանը, զերծ մնալու անպատշաճ խոսվածքից ու պահվածքից. Հայաստանյան եպիսկոպոսներ
- Մայր Աթոռ. Դատապարտելի է զոհված զինվորականների աճյունների հանդեպ նման վերաբերմունքը