Իգուաին. «Սարրին ինձ անփոխարինելի է դարձրել»
Արգենտինացի հարձակվողը նշել է, որ այս մրցաշրջանում իր կերպարանափոխությամբ «Նապոլիի» նոր գլխավոր մարզչին է պարտական:
Հիշեցնենք, որ անցած մրցարշրջանում «Նապոլին» չկարողացավ ՉԼ-ի խմբային փուլին մասնակցելու իրավունք նվաճել, իսկ Գոնսալո Իգուաինին քավության նոխազ դարձրեցին: Գոնսալոն, ով 11 մետրանոցի նշանակետից վրիպեց «Կոպա Ամերիկայի» եզրափակչում, նաև կարող է չհրավիրվել Արգենտինայի հավաքական:
Իր համար այսպիսի լարված իրավիճակում արգենտինացին խոսել է այժմյան իրավիճակի և նոր մարզչի ազդեցության մասին:
«Իմ փոխհարաբերությունները Սարրիի հետ շատ լավն են: Նա շատ է ինձ օգնել, և նրա շնորհիվ ես ինձ անփոխարինելի եմ զգում:
Ժամանակ առ ժամանակ երկխոսությունը շատ կարևոր է ֆուտբոլիստի համար: Կարծում եմ` գտնվում եմ ֆիզիկական և հոգեբանական լավ վիճակում, կարող եմ ավելի լավացնել խաղս: Հույս ունեմ՝ «Նապոլին» նույնպես կզարգանա»,- 27-ամյա հարձակվողի խոսքերը մեջբերել է «La Gazetta dello Sport»-ը:
Հիշեցնենք, որ Իգուաինն այս մրցաշրջանի բոլոր խաղերում 6 գոլի հեղինակ է դարձել: