Նորայր Նորիկյան. Ժողովրդին սթափության, զգոնության կոչ եմ անում
««Ֆավորիտ» համարվող քաղաքական ուժերին այդպես էլ չհաջողվեց քաղաքակիրթ բանավեճի միջոցով ներկայացնել իրենց տեսլականը Հայաստանի ապագայի վերաբերյալ»,-քարոզարշավի վերջին օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Արդար Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող փաստաբան Նորայր Նորիկյանը։
Նա մանրամասնեց, որ «ֆավորիտ»-ները, դժբախտաբար, այն քաղաքական ուժերն են, որոնք կառավարել ու կառավարում են Հայաստանը, որոնք ունեին բոլոր հնարավարություններն իրենց ղեկավարման օրոք ստեղծելու այնպիսի Հայաստան, որ երկիրն այսօր նման կրիտիկական վիճակում չհայտնվեր։
Նորիկյանը նշեց, որ երկրում լուրջ խնդիր է գործազրկությունը, գյուղացին կանգնած է մթերքների իրացման խնդրի առաջ, բարոյահոգեբանական մթնոլորտը լավը չէ, մարդիկ տագնապային տրամադրություններ ունեն ապագայի նկատմամբ։
Նա հույս ունի, որ կիրակի կանցկացվեն թափացիկ, արդար ընտրություններ, հաշվարկի ընթացքում կապահովվի անաչառություն։
«Ես մեր ժողովրդին սթափության, զգոնության կոչ եմ անում, հույս ունեմ, որ չեն հատվի սահմանները, բախումներ թույլ չեն տրվի։ Իսկ եթե կլինեն ուժեր, որոնք կփորձեն ոչ օրինական միջոցներով իշխանությունը զավթել, կհամարեմ, որ դա մեր պետականությանը հասցված ամենամեծ ու մահացու հարվածն է՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ»,-ասաց Նորիկյանը՝ ընդգծելով ողջախոհության ու գիտակցված ընտրության կարևորությունը։
Հարակից հրապարակումներ`
- Կոմունիկացիաների ապաշրջափակմանը կողմնակից ենք, բայց դա չպետք է լինի մեզ պարտադրելու միջոցով. Նորիկյան
- Հ1-ի կողմից կազմակերպվող ընտրական ցուցակների առաջնորդների բանավեճը խտրական սկզբունքով է պլանավորվում. Նորիկյան
- Նորիկյան. ԲԱՑԱՌՈՒՄ ԵՄ, որ ընտրվելու դեպքում «Արդար Հայաստան» կուսակցությունը կոալիցիա կազմի ՔՊ-ի հետ