Ես ինքս գործադիրի մարդ եմ, օրենսդիր մարմնում ինձ լավ չեմ պատկերացնում. ՀՀ երկրորդ նախագահ
«Մենք դեռ դաշինքում մանդատներ վերցնել-չվերցնելու հարցի վերաբերյալ վերջնական որոշում չունենք»,- ընթացող ասուլիսում հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Այս առումով նա մեջբերեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խոսքերը, որն ասել է երեկ տեղի ունեցած քննարկմանը։
«Սեյրան Օհանյանը մի հետաքրքիր համեմատություն արեց. եթե մարտական գործողությունների ժամանակ ամբողջական խնդիրը չի լուծվում, բայց դու վերցնում ես ինչ-որ խրամատներ, ապա այդ խրամատները ոչ թե պետք է միայն պահես, այլև ամրացնես հետագա գրոհի համար։ Հիմա պատերազմ չէ, բայց քաղաքական պայքար է, և այդ համեմատությունը ավելի մեղմ տերմիններով կարելի է կիրառել նաև հիմա։ Այո, ես համարում եմ, որ մենք ստացել ենք մեր պայքարը շարունակելու համար շատ լուրջ և նոր հնարավորություններ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նշենք, որ ոչ պաշտոնական տվյալներով, «Հայաստան» դաշինքը ԱԺ-ում ունենալու է 29 մանդատ։ ԱԺ-ում, կրկին ոչ պաշտոնական տվյալներով, կլինի 107 պատգամավոր։
Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ տրամադրված են շարունակել պայքարը։
«Պառլամենտական պայքարը ևս կուժեղացնի մեր պայքարը։ Մենք ունենք շատ ակտիվ կողմնակիցներ, մենք ունենք նաև փողոցային պայքարի մեծ փորձ։ Կարծում եմ՝ դրանց համատեղումը կուժեղացնի մեր հնարավորությունը։ Այս ընտրություններն էապես փոխեցին քաղաքական լանդշաֆտը՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական։ «Հայաստան» դաշինքի մուտքը ինչ-որ տեղ ցունամիի պես մի բան էր քաղաքական դաշտում»,- ասաց նա։
Նա նկատեց, որ պահել են պայքարի տեմպն ու դինամիկան, ունեն մարդկային պոտենցիալ, մտավոր ներուժ ու կարողություն։
Հարցին՝ արդյոք պատրաստվում եք վերցնել իր մանդատը, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Ես ինքս գործադիրի մարդ եմ, օրենսդիր մարմնում ինձ լավ չեմ պատկերացնում: Մեր թիմում տարբեր կարծիքներ կան: Մի մասը պնդում է և համարում է ճիշտ, որ ես լինեմ խորհրդարանում և խորհրդարանի հնարավորություններն, ամբիոնը օգտագործեմ քաղաքական պայքարի համար, մի մասը համարում է, որ չարժի: Ես անձնապես այդպիսի ցանկություն չունեմ, ավելի շատ հակված եմ դա չանելուն, բայց վերջանական որոշում դեռ չունենք: Պետք է շատ սառնասիրտ, առանց զգացմունքային կոմպոնենտի այդ որոշումը կայացնեմ:
Ես ինձ դժվար եմ տեսնում խորհրդարանում»:
Ինչ վերաբերում է հարցին՝ ի՞նչ պահանջով են դիմում ՍԴ՝ արդյունքները վերանայելո՞ւ, վերահաշվարկ անելո՞ւ, անվավեր ճանաչելո՞ւ, երկրորդ փուլի համա՞ր, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ դեռ ամբողջական նյութերը չունեն:
«Մենք ֆիքսել ենք վարչական ռեսուրսի զանգվածային կիրառում, զանգվածային խախտումներ: Օրինակ, շրջաններից մեկում մեր շտաբերի բոլոր պետերին բերման էին ենթարկում և մի քանի ժամ այդ շտաբերը չէին աշխատում: Աբսուրդ մեղադրանքը գիտեք ի՞նչ էր՝ կասկածում էին, որ շտաբերում տեղադրված են քվեաթերթիկ տպելու մեքենա. վարձակալված շտաբերում տպարան ենք սարքել, մոնտաժել, չգիտեմ ինչ: Այդ աստիճանի աբսուրդ քայլերով փորձում էին խաթարել աշխատանքը: Տարբեր տեղերում 60-ից ավելի մեր պատասխանատուների բերման էին ենթարկել: Նպատակը մեկն էր՝ այդ մի քանի ժամում խաթարել այն գործունեությունը, որ շտաբերը պետք է անեին»,-ընդգծեց նա։
Ասուլիսին ներկա «Հայաստան» դաշինքի առաջնորդներից «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն ասաց, որ այսօր օրվա երկրորդ կեսին հրավիրել են իրենց բոլոր շտաբերի ու ենթաշտաբերի ղեկավարներին, որոնք հավաքագրել են այդ խախտումների ցանկը, որպեսզի ամփոփեն, գեներացնեն անհրաժեշտը Սահմանադրական դատարան դիմելու համար, դրանից հետո կկայացնեն որոշում:
«Քանի որ ամեն րոպե, ժամ ստանում ենք տարաբնույթ խախտումների վերաբերյալ տեղեկատվություն, դեռ չենք ամփոփել ու չենք ընդհանրացրել այդ ամեն ինչը: Մենք երևի վաղը հստակ ցանկը կունենանք, որով դիմելու ենք Սահմանադրական դատարան»,- նշեց Վահե Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Եթե այս իշխանությունը շարունակի աշխատել նույն ոճով, դա բերելու է նոր արտահերթ ընտրությունների
- Ռոբերտ Քոչարյան. Ինչ-որ չափով աշխատեց նախկին իշխանությունների վերադարձի գործոնը
- Ռոբերտ Քոչարյան. Ուղղակի հպարտ եմ, որ նման ընտրազանգված մենք ունենք
- «Հայաստան» դաշինք. Միջազգային դիտորդները չպետք է լոկ դակիչ լինեն Փաշինյանի քաղաքացիական պայմանագրի համար
- «Հայաստան» դաշինքը դիմելու է Սահմանադրական դատարան