Էրդողանի քաղաքական կուրսը ծրագրավորողներից մեկն ազգությամբ հայ է և մինչ օրս Երևանում է. Սարգիս Ավետիսյան
«Տեղեկություններ կան, որ իշխանություններին շատ մեծ օգնություն են ցուցաբերել խորհրդականներ հարևան երկրից՝ Թուրքիայից»,-ասուլիսում հայտնեց «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը և առաջարկեց ուսումնասիրել Էրդողանի վերջին 5 քարոզարշավները և կտեսնենք, որ ՔՊ-ն ուղղակի կրկնօրինակել է դրանք:
Նա հայտնեց, որ Էրդողանի քաղաքական կուրսը ծրագրավորողներից մեկն ազգությամբ հայ է և ընտրությունների ժամանակ և առ այսօր Երևանում է գտնվում ու ջերմ հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ:
Սարգիս Ավետիսյանը պատահական չհամարեց, որ Հայաստանում ընտրություններից հետո թուրքական մամուլը հեղեղված է հրճվանքով և գրում են, որ հայերը վերջապես հասկացել են, որ Արցախն իրենց համար պրոբլեմ է:
«Որքան նվաստացուցիչ և դավաճանական էր այս ընտրությունների արդյունքները մեր համար և որքան ուրախալի էր թուրքերի համար և վերջիններս սրանից մեծ քարոզչություն են սարքելու»,- հայտարարեց բանախոսը և հավելեց, որ այս իշխանությունների օրոք հայաստանում ներդրում են անելու միայն թուրքիայի 5 խոշոր ընկերությունները, որոնք բոլորն էլ Էրդողանին են պատկանում, իսկ Փաշինյանի ընտրացուցակում հայտնված օլիգարխները սպասում են այդ թուրքական ընկերությունների հետ համագործակցությանը:
Անդրադառնալով ընդդիմության հետագա անելիքներին՝ «Համերաշխություն» կուսակցության առաջնորդն ասաց. «300 հազարից ավել մարդ պաշտպանեց այն քաղաքական կուրսը, որը առաջարկեց «Հայաստան» դաշինքը և ասացին, որ այս երկրի տերերերն են, այն դեպքում, երբ իշխանությունները գոռում էին, թե Քոչարյանն ընդամենը մեկ աջակից էլ չունի Հայաստանում»:
Նա հատնեց, որ պայքարը շարունակելու են և թույլ չեն տա, որ Հայաստանը վերածվի թուրքական վիլաեթի և նման բան չեն թողնի ադրբեջանցիներին, ոչ էլ ռուսներին:
Անդրադառնալով հայտնաբերված բազմաթիվ խախտումներին՝ Սարգիս Ավետիսյանը նշեց. «Սա ցուցիչ է այն բանի, որ ընտրությունները կեղծվել են, ընդորում՝ խայտառակ ձևով, բոլոր ընտրությունների կեղծիքները սրանով ի մի են բերվել»:
Հիմնավորելով իր կարծքը՝ բանախոսը նշեց, որ բոլոր հարցումներն այլ բան էին ցույց տալիս և հնարավոր չէր, որ երկիրը կապիտուլացիայի տանողը նորից ընտրվեր:
«Եթե այս տեմպերով շարունակեն վերահաշվարկ իրականացնել, կարող է վերջում պարզվել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է, ոչ թե հրապարակած ձայների թիվը, այլ 10 %-ը»,- ասաց «Համերաշխություն» կուսակցության նախագահը:
Ավետիսյանը պնդեց, որ հասարակության մեջ առկա դժգոհությունը փաստում է, որ նա պատրաստ է գործողությունների, իսկ ընդդիմությունն էլ ասել է, որ հետքայլ չի անելու:
Նա նկատեց, որ եթե նախկին խորհրդարանի երկու ընդդիմադիր ուժերն իրականում ընդդիմադիր չէին, ապա նոր խորհրդարանում այդպես չի կարող լինել և այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ ընդիիմության մեջ չկա պարտվողականության զգացում: