Հանձնաժողովի նախագահ Քլոյանը ՔՊ-ական դեսանտ ուղարկեց իմ վրա. Վստահված անձ
Մի շարք ընտրատեղամասերում տեղի է ունենում ձայների վերահաշվարկի գործընթաց, այդ թվում նաև 7/7-րդ ընտրատեղամասում (Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան):
«Ազատություն» կուսակցության վստահված անձ Գարիկ Խաչատրյանը լրագրողnերի հետ զրույցում ասաց, որ ինքը հանձնաժողովի անդամների որոշմամբ հեռացվել էր ընտրատեղամասից՝ ներկայացնելով, թե ինչ է կատարվել հունիսի 20-ին այդ ընտրատեղեմասում.
«Մենք շատ անհաշտ ընդդիմադիր ենք գործող վարչակազմին: Ես դիտավորյալ գնացի Քլոյանի հանձնաժողով՝ համոզված լինելով, որ ծառայություն է ուզում մատուցել Փաշինյանին:
Առավոտյան հենց քվեարկությունը սկսվեց, մի քանի ուղղորդման, բաց քվեարկության դեպքեր արձանագրեցի, պահանջեցի, որ այդ ամենն արձանագրվի ու ուղղորդման պարագայում ոստիկանություն հրավիրվի: Բայց Քլոյանն անընդհատ անտեսում էր, շեղում էր:
Ես զայրացած սկսեցի խոսել նրա հետ: Ինքն էլ ինքնահաստատվելու խնդիր ուներ, ասում էր՝ հանձնաժողովի նախագահը ես եմ, որոշումներ ես եմ կայացնում:
Ծանր էր տանում իմ դիտողությունները, զգուշացրեց, որ եթե այսպես շարունակվի, ինձ կհեռացնեն հանձնաժողովի աշխատանքներից և ՔՊ-ական դեսանտ ուղարկեց իմ վրա: 7/7 տեղամասում ՔՊ-ական երկու վստահված անձն կար, հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը նույնպես ՔՊ-ական էին: Այսինքն, 4 հոգին իմ վրա չէին կարողանում, կանչեցին Գնելին, հայտնի Գնելին, որ տարածքն է համակարգում, նա և մի երիտասարդ մոտեցան ինձ, հաշտություն էին առաջարկում:
Այնուհետև կրկին բաց քվեարկության դեպք արձանագրեցի, նկատողություն արեցի: Դրանից հետո Քլոյանն ասաց, որ ոստիկանները գան ու ինձ հեռացնեն:
Գնելը սկսեց սպառնալիքներ հնչեցնել: Կես ժամ հանձնաժողովի աշխատանքը խաթարված էր: Արձանագրություն տվեցին ինձ, որ հեռանամ:
Իմ հեռացումն ապօրինի եմ գնահատում»:
Նա ասաց, որ 5-րդ սերնդի ընտրակեղածարարություն է տեղի ունեցել, անզոր էին այդ ամեն ինչը դիտարկել:
«Տարբեր ընտրատեղամասերում մեր վստահված անձինք արձանագրել են, որ այնպիսի մարդիկ են եկել տեղամասեր քվեարկելու, որ իրենց կողքի հարևան է, բայց չեն իմացել, որ նման մարդ է ապրում իրենց կողքը»,- ասաց Գարիկ Խաչատրյանը:
Նույն ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքի վստահված անձ Քնարիկ Գափոյանը նույնպես ընտրախախտումներ է արձանագրել:
«Առավոտյան 6:45-ին գնացել եմ աշխատանքի, ինձ մոտեցավ ՔՊ-ական նախագահ պարոն Քլոյանը, սկսեց գոռգոռալ՝ գնա ժամը 8-ին կգաս, ինչու ես այս ժամին եկել, սպասեք դրսում:
Մեկ այլ ուժի վստահված անձի առավոտյան ինձ հետ ներս մտելուց նույնպես վիրավորական, անբարո խոսքեր էին ասում»,- ասաց վստահված անձը:
Նա նաև պատմեց, որ ընտրատեղամաս էր եկել թաղապետն ու ՔՊ-ականներին ասել, որ չնեղվեն, դուխով լինեն, եթե որևէ բան լինի՝ իրեն ասեն:
«Հանձնաժողովի քարտուղար Ժաննային ինչ ասում էինք արձանագրի, բարձրաձայն գոռում էր՝ չեմ անի, եթե մի հատ էլ ասեք արձանագրի՝ հրավիրելու եմ ձեզ դուրս», -ասաց Ք.Գափոյանը:
Հարակից հրապարակումներ`
- 70-ից ավելի ընտրատեղամասերում վերահաշվարկ տեղի կունենա. ԿԸՀ
- Կրակոցներ՝ թիվ 11/11 ընտրատեղամասում
- Ոստիկանները 9/21 տեղամասից դուրս հանեցին Դանիել Իոաննիսյանին