ՍԴ-ն կասեցրել է 3 բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմի փոփոխություններին վերաբերող կառավարության որոշման գործողությունը
«Սահմանադրական դատարանն իմ դիմումով հունիսի 22-ի որոշմամբ կասեցրել է պետական բարձրագույն ուսումնական 3 հաստատությունների հոգաբարձուների խորհուրդների կազմի փոփոխություններին վերաբերող Կառավարության որոշման գործողությունը»,- այս մասին հայտնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Կառավարության վիճարկվող որոշմամբ երեք բուհերի՝ Երևանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդների թվակազմը սահմանվել է օրենքով նախատեսված նվազագույն շեմը՝ 20 անդամ՝ հետևյալ համամասնությամբ՝ հիմնադրի կողմից 55 տոկոս կամ 11 հոգի, պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` 10 տոկոս կամ 2 հոգի, բուհի պրոֆեսորադասախոսական կազմից՝ 10 տոկոս կամ 2 հոգի, ուսանողական համակազմի ներկայացուցիչներից՝ 25 տոկոս կամ 5 հոգի։
Այս կարգավորումներով ստացվում է, որ նշված երեք բուհերում Հայաստանի Հանրապետության վարչապետի և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամները կազմելու են խորհրդի 65 տոկոսը: Ստացվում է, որ պրոֆեսորադասախոսական կազմից և ուսանողների կողմից ընտրված անդամների ձայները որոշումների կայացման գործընթացում որևէ դերակատարություն չեն ունենալու:
«Կարևոր արձանագրում է, որ Կառավարությունը նման փոփոխություններ նախաձեռնել էր այն դեպքում, երբ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկման առարկա է, իսկ այդ օրենքի խնդրո առարկա դրույթների սահմանադրականության վիճարկման պայմաններում նույն հարցը թիրախավորող և առավել անբարենպաստ լուծումներ պարունակող կարգավորումների ամրագրումը Կառավարության որոշմամբ խնդրահարույց է և՛ բովանդակային, և՛ ընթացակարգային առումներով:
Հատուկ արձանագրում եմ, որ դիմումով վիճարկվող դրույթներն ամրագրող նախագծերի հանրային քննարկման գործընթացը լիարժեք չի ապահովվել: Վիճարկվող կարգավորումներն ընդունվել են դեռևս հանրային քննարկումների ժամկետը չավարտած՝ շրջանցելով դրանց քննարկման և ընդունման ընթացակարգերը:
Բացի այդ, թե՛ հանրային քննարկման դրված նախագիծը, թե՛ վիճարկվող կարգավորումները չեն ներկայացվել նաև Մարդու իրավունքների պաշտպանին՝ կարծիքի:
Կարևոր եմ համարում Սահմանադրական դատարանի այս որոշումը, որը դեռ վերջնական չէ և գործի ելքը չի որոշում, բայց վերաբերում է միայն որոշման գործողության կասեցմանը: Մասնավորապես, Բարձր դատարանը 2021 թվականի հունիսի 22-ի թիվ ՍԴԱՈ-121 որոշմամբ կասեցրել է վիճարկվող դրույթների գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը:
Դիմումով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը դեռ պետք է քննարկվի դատարանի հիմնական նիստում, որը նշանակված է այս տարվա հուլիսի 27-ին»,- նշված է ՄԻՊ հայտարարությա մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ Ուսանողական խորհուրդը հրաժարվում է մասնակցել Հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացին
- Կառավարության նման գործելաոճը ուղղակի միջամտություն է ԵՊՀ կառավարման գործառույթներին. հայտարարություն
- Միհրան Հակոբյանը փակագծեր է բացում՝ ինչո՞ւ էին հետապնդում ու վարկաբեկում ԵՊՀ նախկին ռեկտորին
- 3 տարի է, ինչ ԵՊՀ-ն պաշարված ամրոցի պես դիմադրում է նիկովիդ հիվանդությանը. Դավիթ Ափոյան
- ԵՊՀ-ն նման բան թույլ չի տալու, դա կլինի իշխանության համար անհասանելի երազանք. ԵՊՀ գիտխորհրդի անդամ
- Համալսարանը կատաստրոֆայի առաջ իմ պատճառով չի կանգնած. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար
- ԵՊՀ-ն Նիկոլ Փաշինյանի դուքյանը չի. ԵՊՀ ուսխորհրդի նախագահը՝ Դումանյանին
- «Լավ, եկեք դիալոգի չվերածենք, հա». Դումանյանը հանդիպում է ԵՊՀ գիտխորհրդի անդամներին
- ԵՊՀ ԳԽ-ն կվիճարկի ՀՀ կառավարության որոշումը
- Եթե 6 ամսում չձևավորվի հոգաբարձուների խորհուրդ, ապա ԵՊՀ-ն կլուծարվի. Վահե Հովհաննիսյան