Ադրբեջանի հայտարարությունները տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության առնչությամբ երեսպաշտ և ապակողմնորոշող են․ ԵԱՀԿ ԱՀՖ
Հունիսի 23-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) ՀՀ նախագահության նիստը՝ նվիրված զորավարժությունների և ռազմական գործողությունների վերաբերյալ թափանցիկության ապահովմանը: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը։
Բացելով նիստը՝ ԵԱՀԿ ԱՀՖ նախագահ, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանն ընդգծել է ռազմական թափանցիկության և կանխատեսելիության ապահովման նշանակությունն ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման կանխարգելման տեսանկյունից: Դեսպան Պապիկյանը նշել է, որ վստահության և անվտանգության կառուցման միջոցների ընդունմամբ, այդ թվում զորավարժությունների և ռազմական գործողությունների վերաբերյալ թափանցիկության ապահովման մասով, ԵԱՀԿ մասնակից պետությունները սահմանել են ԵԱՀԿ պատասխանատվության գոտում միջադեպերի, ճգնաժամերի ու հակամարտությունների կանխարգելման միջոցները:
Հանդիպմանը՝ որպես բանախոսներ, մասնակցել են ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ փոխգնդապետ Կարեն Մուրադյանը, Գերմանիայի ՊՆ Անվտանգության ու պաշտպանական քաղաքականության բաժնի ղեկավար ծովակալ Աքսել Ռիստաուն, Ջ. Բուշի անվան կառավարման և հանրային ծառայության դպրոցի դասախոս Յասեն Կաստիլյոն և Ավստրիայի ՊՆ Ռազմական քաղաքականության բաժնի ղեկավար գնդապետ Ռոնալդ Վարթոկը:
ԵԱՀԿ մասնակից պետություններին ներկայացվել են Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի դրույթների խախտումները, մասնավորապես, առանց ծանուցման անցկացվող լայնածավալ զորավարժությունները, որոնք 2016 և 2020թթ. հանգեցրեցին Արցախի դեմ պատերազմի: Մասնակից պետությունների ուշադրությունը հրավիրվել է Արցախի դեմ 2020թ. սանձազերծված պատերազմից հետո Ադրբեջանի սադրանքներին, այդ թվում Վիեննայի փաստաթղթի դրույթների խախտմամբ, ներառյալ Թուրքիայի հետ համատեղ անցկացված հինգ լայնածավալ զորավարժություններին:
Նշվել է, որ դրանով Ադրբեջանը ցուցադրում է իր արհամարհական վերաբերմունքը ԵԱՀԿ իր հանձնառությունների, պատասխանատու վարքագծի և տարածաշրջանային անվտանգության ու կայունության հանդեպ, ինչն Ադրբեջանի հայտարարությունները տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության առնչությամբ դարձնում են երեսպաշտ և ապակողմնորոշող: Ընդգծվել է, որ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմները պետք է ծառայեն՝ որպես ռազմական թափանցիկության բացակայության անվտանգային հետևանքների մշտական հիշեցում: Այս համատեքստում կոչ է արվել ԵԱՀԿ մասնակից պետություններին հանդես գալ ԵԱՀԿ հանձնառությունների խախտումների հստակ քննադատությամբ:
Մասնակից պետությունները բարձր են գնահատել զորավարժությունների և ռազմական գործողությունների վերաբերյալ թափանցիկության թեմային նվիրված նիստ գումարելու ԵԱՀԿ ԱՀՖ ՀՀ նախագահության նախաձեռնությունը՝ ընդգծելով ԵԱՀԿ համապատասխան հանձնառությունների կատարման անհրաժեշտությունը: