ՀՀ-ում հիմնադիր խնդիրներ ստեղծողները Փաշինյանի թիմում են. Տիգրան Քոչարյան
«Վիճակն այնքան վատ չէ, ինչքան մենք ենք պատկերացնում, քանի որ Ազգային ժողովում իրական ընդդիմություն կլինի, կեղծ ընդդիմությունը դուրս եկավ»,- ասուլիսում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։
Նրա խոսքով, ԱԺ-ում այլևս չեն լինի գործարարներ, որոնց կարելի է սպառնալ բիզնեսը խլելով ու ստիպել՝ ինչ-որ բաներ անել, չեն լինի ստոկհոլմյան սինդրոմով տառապող էդմոնմարուքյաններ, որոնք հանուն Փաշինյանի ժպիտի պատրաստ էին ամեն ինչ անել։ Նա հիշեցրեց դեպք, երբ ՍԴ դիմելու համար ԲՀԿ-ին մեկ ձայն էր պակասում, Մարուքյանն այդպես էլ չտվեց։
«Հիմա այդ խնդիրը չկա, «Հայաստան» դաշինքն իր 21 տոկոսն ունի, որ օրենքն իրենց դուր չգա, կարող է ուղարկել ՍԴ։
Այստեղ նաև սահմանադրական մեծամասնության հարցն է լուծվում։
Այսինքն, այնպիսի իրավիճակ է ընդդիմության համար, որ քո ուզածը չես կարող անել, բայց քո չուզածը կարող ես ստոպ տալ»,- ասաց Տ.Քոչարյանը։
Նա նշեց, որ ԱԺ-ում հայտնված ընդդիմության՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների առաջնորդներն արցախյան հիմնախնդրին լավ ծանոթ են, չեն թողնի Արցախի շահերն ինչ-որ ձևի չդիտարկվեն այս ամեն ինչում։
«Խորհրդարանում դռները բացվում է նաև դեպի Հանրային հեռուստաընկերություն, որը ստիպված կլինի լուսաբանել նաև ընդդիմադիրների ելույթները»,- նշեց մեդիափորձագետը։
Տիգրան Քոչարյանի խոսքով, ՀՀ-ում հիմնադիր խնդիրներ ստեղծողները Փաշինյանի թիմում են՝ հիմնադիր օլիգարխը, հիմնադիր Շիրակի մարզ թալանողը, առաջին կաշառք բաժանող կուսակցության նախագահը, առաջին ճամբարանափոխը, հիմնադիր բանակ թալանող պահեստապետը։
«Այսինքն, բոլորը հավաքվել են մի տեղ, բայց բոբոները, չգիտես ինչու, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմերն են։ Ժողովրդի աչքերը մի քիչ ուշ է բացվում, բայց բացվում է։
Նախկինում 100 հոգի չէին վախենում սատարել Քոչարյանին, հիմա 300 հազար հոգի «Հայաստան» դաշինքի կողքին է։
Այսինքն, Քոչարյանի comeback-ը շատ լավն էր, 100 տոկոսանոց անտիռեյտինգից գալ ու կանգնել 21 տոկոսի վրա, այն էլ չգիտես՝ 21 տոկոս է, թե 30, քանի որ կեղծքիները շատ են, շատ լավ արդյունք է։ Ժողովրդի աչքերը դանդաղ բացվում են, սակայն այդ դանդաղ բացվելը ցավոտ է երկրի համար։
Հայաստանը լարի վրա քայլում է, մի կողմում Փաշինյանն ու նրա ընտրազանգվածն է, մյուս կողմից 300-400 հազար հոգին, որոնք Հայաստանը պահում են, եթե նժարը իջնի դեպի Փաշինյանի կողմը, վերջնականապես ընկնելու ենք անդունդը։
Պետք է անձնական ամբիցիները մի կողմ դնել, ամեն օր Փաշինյանի համար ստեղծել այնպիսի պայմաններ, որ որևէ բան չկարողանա անել ու հեռանալ»,- ասաց Տ. Քոչարյանը։
Մեդիափորձագետի խոսքով, երբ որ այն տիկնիկավարները, որոնք հիմա ղեկավարում են Փաշինյանին, հասկանան, որ նա այլևս բան չի կարողանում անել, 2 վայրկյանում ՀՀ-ում վերջնական իրավիճակ կփոխվի։