Կրեմլը` Պուտինի ու Փաշինյանի հանդիպման մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան՝ նշելով, որ նրա հանդիպումը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ տեղի կունենա կեսօրին: Այս մասին գրում է Ria-ն։
«Կեսօրին նախատեսվում է հանդիպում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հետ, ով աշխատանքային այցով Մոսկվայում է: Սա կլինի շփում Փաշինյանի հետ, իսկ հետո նրանք կշարունակեն շփումը, նախագահն ու վարչապետը, աշխատանքային ճաշի ձևաչափով», - ասել է Պեսկովը։
«Սա կարևոր է, և, ըստ էության, առաջին արտասահմանյան այցը, որը կատարում է Փաշինյանը խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո, բավականին վստահ, համոզիչ հաղթանակ», - հավելել է նա:
Նշվում է, որ Պուտին-Փաշինյան բանակցություններից հետո փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում, նրանք կքննարկեն իրավիճակը Ղարաբաղում, ռուսական զորքերի տեղակայումը և երկկողմ հարաբերությունները:
«Ոչ, սա հաղորդագրություն է, որը չի համապատասխանում իրականությանը: Իհարկե, կքննարկվի Ղարաբաղը, և կքննարկվեն այնտեղ տեղակայված ռուս զինվորականների հարցը, և ընդհանրապես երկկողմ հարաբերությունները, բայց չի նախատեսվում փաստաթղթերի ստորագրում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե նախատեսվում է, որ հանդիպումից հետո պայմանագիր կստորագրվի ռուս խաղաղապահների մեկ այլ խումբ մտցնելու մասին:
Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ Պուտինը Փաշինյանի հետ կհանդիպի հուլիսի 7-ին Մոսկվայում: Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ երկու երկրների ղեկավարները նախատեսում են դիտարկել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի հայտարարությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ռազմական գործողություններից տուժած տարածքների բնակչությանը օգնության տրամադրման հարցերին, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ