ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպան․ Փոքր ու թեթև զենքերը խոչընդոտում են հակամարտությունների կանխարգելմանն ու կարգավորմանը
Հուլիսի 7-ին ԵԱՀԿ ԱՀՖ նախագահ, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) նիստը՝ նվիրված փոքր սպառազինությունների ու թեթև զինատեսակների (ՓՍԹԶ) և սովորական զինամթերքի պաշարների (ՍԶՊ) ոլորտում ԵԱՀԿ աջակցության մեխանիզմին: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։
Բացելով նիստը՝ դեսպան Արմեն Պապիկյանն անդրադարձել է փոքր ու թեթև զենքերի ավելորդ ու ապակայունացնող կուտակումներից և անվերահսկելի շրջանառումից բխող անվտանգային մարտահրավերներին՝ նշելով, որ փոքր ու թեթև զենքերը խոչընդոտում են հակամարտությունների կանխարգելմանը ու կարգավորմանը, խախտում մարդու իրավունքները, խոչընդոտում կայուն զարգացմանը, սնուցում ահաբեկչություն ու կազմակերպված հանցավորությունը: Դեսպան Պապիկյանն ընդգծել է, որ ՓՍԹԶ ապակայունացնող կուտակումների և անվերահսկելի ու անօրինական շրջանառության դեմ պայքարը պահանջում է վերահսկողության արդյունավետ և ուժեղ ազգային մեխանիզմներ, ինչպես նաև միջազգային համագործակցություն:
Հանդիպմանը՝ որպես բանախոսներ, մասնակցել են Չերնոգորիայի պաշտպանության նախարարության ՓՍԹԶ ու ՍԶՊ հարցերով ավագ խորհրդական, փոխգնդապետ Նեբոյսա Լուկովիչը, Ավստրիայի պաշտպանության նախարարության զենքերի ու զինամթերքի լոգիստիկ հարցերով կարողությունների կառուցման բաժնի ղեկավար Վերներ Կերնմայերը և ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի ԱՀՖ աջակցության բաժնի պետ Ռոբին Մոսինկոֆը, ովքեր ներկայացրեցին ՓՍԹԶ ու ՍԶՊ ոլորտում ծրագրերի արդյունավետության ապահովման հիմնական նախապայմանները և ԵԱՀԿ աջակցությունն այս ուղղությամբ:
Հանդիպմանը ներկայացվել են մասնակից պետությունների ազգային ջանքերը՝ ՓՍԹԶ ու ՍԶՊ վերահսկողության և դրանց անվտանգ ու ապահով պահպանման ուղղությամբ: Ընդգծվել է ԵԱՀԿ համապատասխան հանձնառությունների անշեղ կատարման անհրաժեշտությունը: