Իրանի ազատ առևտրի գոտիները հայերի կողմից լավագույնս չեն օգտագործվում. Էսհաղ Ջհանգիր
«Իրանի ազատ առևտրի գոտիները հայերի կողմից լավագույնս չեն օգտագործվում: Արազի ազատ գոտին բավականին մեծ նշանակություն ունի առևտրականների ու ներդրողների համար և հայ գործարարները կարող են մասնակցել ու ներդրումներ անել այնտեղ»,-այսօր Հայաստան-Իրան գործարար համաժողովում ասաց Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջհանգիրը՝ հավելելով, որ քաղաքական կամքը գոյություն ունի տնտեսական հարաբերությունների զարգացման համար:
«Հայաստանի Հանրապետությունը Իրանի համար դիտվում է որպես միակ երկիրը, որը անդամ է ԵՏՄ-ին և կարող է հարմար հարթակ դառնալ, որպեսզի իրանական արտադրությունները արտահանվեն ԵՏՄ երկրներ: Դա հնարավորություններ կտա, որ իրանցիները իրենց արտադրանքների մի մասը իրացնեն Իրանում, մյուս մասը՝ ՀՀ-ում և արտահանեն ԵՏՄ երկրների շուկաներ»,- ընդգծեց Էսհաղ Ջհանգիրը:
Ըստ նրա՝ հայ գործարարները լավագույնս ճանաչում են ռուսական շուկաները, և կարող են օգտակար լինել Իրանին՝ արտահանման հարցում, բացի այդ, ՀՀ-ն կարևոր դերակատարում ունի տարանցիկ գոտի լինելու առումով:
«Ունենք Հյուսիս-Հարավ միջանցք, պետք է լուծենք նաև երկաթգծի կառուցման հարցը, որը տարածաշրջանային նշանակություն կարող է ունենալ: Իրանը պատրաստակամ է իրականացնելու այդ երկու ծրագիրը: Պետք է ամեն ինչ անենք, որ բոլոր խոչընդոտները վերացնենք: Այս ուղղությամբ մենք պետք է մի շարք փոխըմբռնման ծրագրեր ստորագրենք»,- ընդգծեց նա:
Էսհաղ Ջհանգիրը նշեց նաև, որ Իրանում անցկացվելու է բիզնես ֆորում, որը նույնպես կնպաստի մտքերի փոխանակմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում