«Ժողովուրդ». Ինչու են պահեստազորի վարժական հավաքների մասնակիցներից ոմանք լքել զորամասը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ պահեստազորի վարժական հավաքների մասնակիցներից ոմանք լքել են զորամասը, որոնցով զբաղվում է ռազմական ոստիկանությունը: Ասել է թե՝ անձինք պատրաստակամություն են հայտնել գնալ վարժանքների, սակայն հետագայում լքել են վարժական հավաքների վայրը, ինչի արդյունքում հայտնվել են Ռազմական ոստիկանության թիրախում:
Դա է պատճառը, որ Պն-ն, վարժանքների մասին հայտարարություն տարածելով, շեշտում է՝ հավաքներից խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ: Երեկ հայտնի դարձավ, որ, ՀՀ կառավարության որոշմամբ, 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա նոր վարժական հավաքներ: Ըստ անհրաժեշտության՝ հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության: Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, բարձրագույն կրթությունունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով: Հավաքներին մասնակցելու ողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից: Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում:
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հավաքներից խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ: Հավելենք, որ սա արդեն երկրորդ վարժական հավաքներն են, օգոստոսի 25-ից ևս այդպիսի հավաքներ էին մեկնարկել: Այդ հավաքներին ներգրավված են 2169 քաղաքացի՝ նրանցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: