Քո հայրենիքում պարտադրված անընդհատ անձնագիր պետք է ցույց տաս սահմանապահին․ Նաիրա Զոհրաբյան
Հոգեբանական ցավ է Արցախ գնալը։ Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Տպավորություն է, որ քո հայրենիքում պարտադրված անընդհատ անձնագիր պետք է ցույց տաս սահմանապահին, ասես՝ «ռազմական պալիգոնում» ես։ Ամբողջ Լաչինի միջանցքով 8-9 տեղ կանգնած են հայ և ռուս սահմանապահները, երկու տեղ էլ ադրբեջանցի սահմանապահները»,- ասաց Զոհրաբյանը։
Նրա փոխանցմամբ՝ ռուս զինվորն է եղել անվտանգության երաշխավորը։
«Այսօր ռուս խաղաղապահները ապահովում են Արցախ գնալու և ընդհանրապես Հայաստանի տարածքների անվտանգությունը և պարզ չէ, երբ խաղաղապահների մանդատն ավարտվի, ինչ է լինելու»,- նշեց նա:
Թե ինչ է կատարվում այժմ Արցախում, նախկին պատգամավորն ասաց, որ հասարակության շրջանում հիասթափությունը մեծ է։
«Մենք քաղաքական որևէ հարց չենք ուզում լսել, ոչ ոքի չենք ուզում տեսնել՝ ոչ իշխանություն, ոչ էլ՝ ընդդիմություն։ Այսպիսի արտագաղթ, որ հիմա է, մեկ էլ 90-ականներին է եղել, երբ արտագաղթի սարսափելի ալիք է եղել: Ամեն օր ինձ զանգում են ու հարցնում՝ եվրոպական կամ ԱՄՆ դեսպանատանը ծանոթ ունե՞ք: Եվ ինձ համար ամենազարհուրելին այն է, որ գնում են այն մարդիկ, ովքեր ապահով են, ապրելու խնդիր չունեն, բայց մարդիկ իրենց երեխաների ապագայի խնդիրն ունեն։ Մարդն իր երեխայի ապագան այլևս չի տեսնում Հայաստանում։ Սա պատերազմի ամենազարհուրելի հետևանքն էր»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ