Մարդիկ կան 3, 4 մինչև անգամ 5 կով են մորթել ու ծախել. Կութ գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիտչյան
«Երբ տանն ենք լինում կրակոցները չեն էլ լսվում, իսկ երբ մարդիկ դրսում են լինում, կամ սարերում՝ կրակոցների ձայները լսվում են»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Գեղամասար խոշորացված համայնքի Կութ գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը:
Նրա խոսքով՝ վերջին անգամ մի քանի օր առաջ, ժամը՝ 15:00-16:00-ի սահմաններում են կարճ կրակոցների ձայներ լսել:
«Այսօր մենք չենք կարողանում օգտվել 1000-1200 հեկտար արոտից և 300-400 հեկտար խոտհարքից, բայց վարելահողերը գտնվում են գյուղից ներքև և թշնամու նշանառությա տակ չեն»,-տեղեկացրեց գյուղի վարչական ղեկավարը՝ ներկայացնելով ադրբեջանցիների կողմից սահմանախախտման հետևանքով կորցրած տարածքների համամասնությունը:
Չիտչյանը հայտնեց, որ գյուղի ամբողջ արոտավայրերը և խոտհարքերը չեն անցել ադրբեջանցիների հսկողության տակ, բայց այն տարածքները, որոնք մեր զինծառայողների հսկողության ներքո են, այնտեղ էլ գյուղացիները չեն կարողանում անասուններին արածեցնել:
«Մեր զինվորներն էլ են ասում, որ ընտանի կենդանիներին չմոտեցնենք դիրքերին, քանի որ ադրբեջանցիները քշում տանում են: Նաև մեր բանակի սպաներն են զանգում և ասում, որ չմոտեցնենք անասուններին, թեկուզ՝ մեր դիրքերին»,-ասաց գյուղի ղեկավարը:
Հարցին, թե ինչպե՞ս են լուծում անասունի կերի հարցը՝ գյուղի ղեկավարը հայտնեց, որ այս տարի գյուղացիներն ինչքան կարողացել են, այդքան ձեռքով քաղել են խոտը, տեխնիկա չի բարձրացվել խոտհարքեր՝ թշնամու կրակոցների պատճառով:
«Գյուղացիները նաև անասուններն են մորթում ու վաճառում՝ թեկուզ էժան գներով: Բա ի՞նչ անեն: Մարդիկ կան 3,4 մինչև անգամ՝ 5 կով են մորթել, պահում են այնքան, ինչքան ուժները պատում է: Անձամբ ես էլ եմ անասուն մորթել ու վաճառել»,-տեղեկացրեց Կութ գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը և հավելեց. «Այս տարի էլ, որ չորային էր, անասունները շատ վատ վիճակում էին, նիհարել են, ո՛չ կաթ են տվել, ո՛չ՝ միս և 30 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ անասունը նման վիճակում պետք է մտնի ձմեռակացի»:
Նա նաև տեղեկացրեց, որ վերջին անգամ, երբ ամռանն ադրբեջանցիները 80 գլուխ անասունը տարել էին գյուղից, դրանից հետո այլևս անասուն չի պակասել, գյուղացիները զգուշանում են այդ հատվածներում անասուն արածացնելուց:
«Տարած անասուններից 55-ը կաթնատու են եղել, մյուսները՝ երինջներ ու ցուլեր, դրանից հետո այլևս գյուղի նախիրն սահմանին չենք մոտեցնում և նման դեպք այլևս չի գրանցվել: Իսկ 80 գլուխն ադրբեջանցիները մեր տերածքից են քշել-տարել»,-ասաց գյուղի վարչական ղեկավարը:
Panorama.am-ի հարցին, թե ինչպիսի՞ն կլինի հաջորդ գյուղատնտեսական տարին՝ Սիմա Չիտչյանը հայտնեց, որ նույնն է լինելու՝ վատ, և գյուղի բնակիչները սպասողական վիճակում են:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին