Վահե Հակոբյան. Անկախության 30-րդ տարեդարձի օրը մենք բոլորս մի կարևոր խնդիր ունենք՝ կանգնեցնել պարտությունը և վերածնվել
«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 30 ամյակի կապակցությամբ.
«Երեսուն տարի առաջ՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին, իրականություն դարձավ հայ ժողովրդի դարավոր երազանքը՝ ազատ, անկախ Հայաստանի Հանրապետությունը։
Անկախությունն ընտրած սերունդը Երրորդ Հանրապետության գոյության առաջին տարիներից կանգնեց լուրջ փորձությունների առաջ։ Բայց մեր միասնությունը, համախմբվածությունն ու հավատն օգնեցին հաղթահարել բոլոր խոչընդոտները, անհավանական պայմաններում հաղթել մեզ պարտադրված ղարաբաղյան առաջին պատերազմում, ապա՝ լծվել պետականաշինության դժվարին, բայց շնորհակալ գործին։
Ի՞նչ Հայաստան էին երազում անկախ պետության համար պայքարած, անկախ պետության հույս փայփայած ու այդ հույսը սերունդներին փոխանցած, անկախության համար քվեարկած մեր հայրենակիցները․ սրանք հարցեր են, որոնց հաճախ չենք անդրադառնում, բայց որոնք մշտապես պիտի լինեն մեր ուշադրության կենտրոնում։
Հայաստանի Հանրապետության գոյության երեսուն տարիների ընթացքում քիչ չեն եղել մեր ձեռքբերումները։ Եղել են, անշուշտ, նաև բացթողումներ։ Պետականաշինության ճանապարհին երբեմն շեղվել ենք մեր երազած Հայաստանի տեսլականից, բայց ամուր ենք եղել՝ մեր միասնականությամբ, մեր հավատով ու ազգային երազանքներով։
Վերջին երեք տարիների խայտառակությունը, պատերազմը, հազարավոր զոհերն ու խեղված ճակատագրերը, հայրենիքի կորսված հատվածը մեզ կանգնեցրել են նոր և ահռելի մարտահրավերների առաջ։ Բայց դրանք նաև պարտավորեցնում են ՎԵՐԱԾՆՎԵԼ, ուղղել մեջքը, ոտքի կանգնել։
Վերածնվել՝ հանուն մեր ժողովրդի, մեր երկու պետությունների, հանուն մեր նահատակների հիշատակի ու մեր վաղվա սերունդների։
Այսօր՝ Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի օրը, մենք բոլորս մի կարևոր խնդիր ունենք՝ կանգնեցնել պարտությունը և վերածնվել՝ պետության հանդեպ սիրով ու պետության արժևորմամբ, ճիշտ ուղին գտնելու վճռականությամբ ու հավատով՝ ստեղծելու այնպիսի պետություն, որտեղ տեղ չի լինի դավաճաններին, ազգային արժեքները պղծողներին։
Մենք հավատու՛մ ենք մեր վերածննդին․ մենք ունենալու՛ ենք հաղթանակներ»։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան» դաշինք. Հայ ժողովրդին կամք և ոգի է անհրաժեշտնոր վերելքի ուղիներ գտնելու և միասնաբար կասեցնելու երկրի կործանարար ընթացքը
- Արթուր Վանեցյան. Այսօր բոլորիս համար կոմայից դուրս գալու վերջնաժամկետն է
- Ռոբերտ Քոչարյան. Ուզում եմ հույս հայտնել, որ ազգն իր մեջ ուժ կգտնի ձերբազատվելու այն իշխանությունից, որն ազգային աղետի պատճառ դարձավ
- Սերժ Սարգսյան. Անկախության տոնը դեռ տոնելու ենք
- Թանկ գնով ձեռք բերված անկախությունը համազգային միասնականությամբ պիտի պաշտպանենք ու պահպանենք. Գարեգին Երկրորդ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին