«Կազմակերպչական թերությունների պատճառով ունենում ենք մահեր և փորձ է արվում դրանք բարդել քաղաքացիների վրա»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մտադրություն ունի կորոնավիրուսով պայմանավորված հոկտեմբերի 1-ից գործող նոր կանոնների հետ կապված խորհրդարանական լսումներ նախաձեռնել: Այս մասին նա ասաց լրագրողներին՝ իր ղեկավարած հանձնաժողովի նիստից հետո, որտեղ քննարկվում էր «Հանրային ծառայությունների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները, որով հոկտեմբերի 1-ից պարտադրանք է կիրառվելու՝ 14 օրը մեկ անգամ թեստավորվել, պատվաստման սերտիֆիկատ ներկայացնել կամ բժիշկների հակացուցման մասին եզրակացություն ներկայացնել:
«Հակված եմ մեծ լսումներ իրականացնել ու մարդկանց խոսքը լսելի դարձնել: Այսօրվա քննարկումից հասկացա, որ մարդիկ ասելիք ունեն, հակափաստարակներ ունեն ներկայացնելու, իսկ պատասխաններն ուղղակի գոհացուցիչ չեն, վստահություն չներշնչող են, դրա համար ունենք այսօրվա իրավիճակը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նա նաև նշեց՝ բժիշկները բարձրաձայնում են, որ ունենք գերծանրաբեռնված բժշկական համակարգ:
«Նույնիսկ եթե կառավարության շատ ներկայացուցիչներ սպառնում են, որ չեք պատվաստում, դրա համար մահացության դեպքերը շատանում են, հասկացանք, որ բժշկական օգնության առաջնային օղակները թերանում են, քանի որ մարդիկ հոսպիտալացվում են ավելի ուշ, երբ որ դժվար է լինում նրանց կյանքը փրկել: Ստացվում է՝ տեղական, բժշկական առաջնային օղակի, կազմակերպչական շատ այլ թերությունների պատճառով ունենում ենք մահեր, փորձ է արվում այդ մահերը բարդել քաղաքացիների վրա, որ չեք պատրաստվում, դրա համար մահեր են լինում»,- ասաց Թագուհի Թովմասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Անահիտ Ավանեսյանը չգիտեր, որ կովիդի որոշ պատվաստանյութեր հղիների համար հակացուցված են
- Արդյոք մենք ինքներս էլ չենք համարվում այդ բիզնես շահերի սպասարկման օբյեկտ. Արա Զոհրաբյան
- Պատվաստված լինելով ինչո՞ւ եք դիմակ կրում. Արա Զոհրաբյանի հարցը՝ Անահիտ Ավանեսյանին
- Հայաստանի բնակչության 7 %-ն արդեն պատվաստվել է, իսկ 93 %-ը պարտադրանքի դաշտում է. Թագուհի Թովմասյան