Մետաղական ցանկապատեր և արգելապատնեշներ, որոնք սահմանափակում են քաղաքացիների տեղաշարժը
Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մայրաքաղաքի հավասարազոր և գլխավոր խաչմերուկներում, որտեղ երթևեկության աջ գոտին միշտ բաց է և չկան գծանշված հետիոտնային անցումներ, տեղադրվում են մետաղական ցանկապատեր և արգելապատնեշներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
«Ծրագրի նպատակն է հիմնականում բացառել ոչ սահմանված վայրերով հետիոտնային անցուդարձը՝ ապահովելով վերջիններիս անվտանգությունը: Ընդհանուր առմամբ՝ քաղաքում այս տարի 1200 գծմ մետաղական ցանկապատ և արգելապատնեշ կտեղադրվի:
Աշխատանքներն արդեն ավարտված են Օրբելի-Կիևյան, Հալաբյան-Արզումանյան, Աբովյան-Մոսկովյան փողոցներում և Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց հատվածներում»,- նշված է հաղորդագրությունում:
Նշենք, որ մետաղական ցանկապատերի կամ արգելապատնեշների մասով դժգոհություն էին հայտնել քաղաքացիները։ Ըստ նրանց՝ ամբողջությամբ սահմանափակվել է հատկապես սայլակով/ մանկասայլակով տեղաշարժվող բնակիչների տեղաշարժը, իսկ վերգետնյա անցումները հարմարեցված չեն քաղաքացիների համար։
Լուսանկարներում Հալաբյան-Արզումանյան խաչմերուկն է։