Վորլդ Վիժն Հայաստան․ Հարցված կանանց 81%-ը հնարավորություն չունի տնօրինելու անձնական ժամանակը
Հոկտեմբերի 11-ին՝ Աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ, Վորլդ Վիժն Հայաստանը ներկայացնում է «Ուժեղ կանայք, ուժեղ երեխաներ» հետազոտությունը։
Գենդերային անհավասարության խնդիրը երեխաների խոցելիության հիմնական պատճառներից մեկն է, երեխայի բարեկեցությունն ուղղակիորեն կապված է մոր սոցիալական դերի հետ։
Վորլդ Վիժն Հայաստանի տարածած հաղորդագրության համաձայն, հետազոտության նպատակն է բացահայտել կանանց հզորացման և երեխաների բարեկեցության գործոնները Հայաստանում, ցույց տալ, թե ինչպես են կանանց սոցիալ-դեմոգրաֆիկ վիճակն ու հասարակությունում նրանց հզորացումն ազդում երեխաների բարեկեցության վրա։ Հետազոտությունն իրականացվել է Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրային տարածքներում՝ շահառու 11-17 տարեկան երեխաների և նրանց մայրերի մասնակցությամբ։
Հետազոտությունը պարզել է, որ Հայաստանում հարցված կանանց միայն 1%-ն է հզորացված սոցիալ-տնտեսական և կրթական բոլոր գործոններով: Հայրապետական (պատրիարքալ) հասարակությանը բնորոշ նորմերով՝ մեր երկրում կանանց շրջանում ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունները և տնտեսական ակտիվների նկատմամբ վերահսկողությունը ցածր են: Հարցված կանանց միայն մեկ քառորդն է նշել, որ կարող է ազդել որոշումների կայացման վրա, և միայն մեկ երրորդը կարող է վերահսկել ընտանիքի տնտեսական ակտիվները:
Հարցված կանանց 81%-ը հնարավորություն չունի տնօրինելու անձնական ժամանակը, քանի որ տնային աշխատանքն ու տան անդամների խնամքն ամբողջությամբ նրանց ուսերին է, մինչդեռ նրանց ամուսինները պատասխանատու են միայն վճարովի աշխատանքի համար և նվազագույն չափով են ներգրավված երեխաների դաստիարակության մեջ:
Հարցված կանանց 16%-ը ենթարկվում է տարատեսակ բռնությունների։ Գենդերային բռնությունը որպես կեցության նորմա ընդունողները դեռևս շատ են (հարցված կանանց 37%-ը)։
Երեխաների բարեկեցությունը չափվել է մի շարք ֆիզիկական գործոններով՝ կրթություն, սնուցում, առողջություն, պաշտպանություն, ինչպես նաև՝ մտավոր և սոցիալ-հոգեբանական ցուցիչներ։ Հարցված երեխաների միայն 1%-ն է բարեկեցիկ նշյալ բոլոր գործոններով։ Հարցված բոլոր երեխաները ներգրավված են կրթական պրոցեսում, ունեն դրական վերաբերմունք կրթության նկատմամբ և ցանկանում են շարունակել այն։ Երեխաների մեծամասնությունը լավ կամ միջին բազմազանության սնունդ է ստանում։
Ինչ վերաբերում է երեխաների նկատմամբ բռնությանը՝ հարցված երեխաների 43%-ը ենթարկվում է բռնության և շահագործման՝ հատկապես մայրերի և ընկերների կողմից։ Երեխաների 17%-ը լսել է իրենց համայնքում սեռական բռնության մասին, իսկ 13%-ը լսել են օնլայն հարթակում բռնության ենթարկվելու դեպքերի մասին։
Հետազոտության արդյունքների համաձայն՝ Հայաստանում կրթությունը կանանց հզորացմանը նպաստող ամենակարևոր գործոնն է։ Բարձրագույն կրթություն ունեցող կանայք ավելի հավանական է, որ կօգտվեն տեղաշարժի ազատությունից և չեն եթարկվի գենդերային սահմանափակումների։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ