ՄԹ-ում ՀՀ դեսպանը հանդիպմանը խոսել է ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների խնդրի հրատապ լուծման մասին
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը հանդիպել է Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Թոմ Թագենդհատի հետ։
«Շատ արդյունավետ հանդիպում ունեցա Թոմ Թագենդհատի հետ։ Քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, Հայաստան-Մեծ Բրիտանիա միջխորհրդարանական կապերի հեռանկարները, Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը՝ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով, Հայոց ցեղասպանությունը։
Կարևորեցի միջազգային հանրության դերը ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների խնդրի հրատապ լուծման գործում։
Անհամբեր սպասում եմ բրիտանական օրենսդիր մարմնի հետ մեր երկկողմ հարաբերություններն ընդլայնելու և ամրապնդելու համար աշխատելուն»,-գրել է Ներսիսյանը թվիթերում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Համայնքների պալատում տեղի կունենա Հայոց ցեղասպանության մասին օրինագծի առաջին ընթերցումը։ Օրինագիծը կներկայացվի պահպանողական պատգամավոր Թիմ Լաֆթոնի կողմից։