Իշխանությունը ժողովրդի թիկունքում բանավոր գործարքների է գնում թշնամի երկրի հետ. Գեղամ Մանուկյան
«Եռակողմ հանդիպումների մասին հայտարարությունների ֆոնին իշխանությունը փորձում էր հպարտանալ, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրել, բայց այն, ինչ երեկ տեղի ունեցավ հստակ փաստում է, որ նա ոչ թե որևէ փաստաթուղթ չի ստորագրում, այլ ժողովրդի, ԱԺ-ի թիկունքում բանավոր գործարքների է գնում թշնամի երկրի հետ»,- Աժ-ում հրավիրված Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտակարգ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Պատգամավորը նկատեց, որ Հ1-ի լուրերի հիմնական թողարկման ժամանակ ԱԽՔ-ը հազվադեպ է գնում, և շեշտեց, որ նախորդ օրը եթերում Արմեն Գրիգորյանը իմիջայլոց ասում է՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական հենակետ ու մաքսակետ է դրվում:
Մանուկյանի խոսքով, ԱԽՔ-ը լեզվի սայթաքումով հայտնել է՝ Հայաստանի իշխանությունները տեղյակ են եղել, որ Ադրբեջանը նման քայլի է գնալու:
Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ ադրբեջանական հենակետերի և մաքսակետի տեղադրման օրը ՀՀ կառավարության ներկայացուցիչը հրապարակային ասում է՝ Տաթև-Կապան ճանապարհն արդեն պատրաստ է:
«Փաստ է, որ ՀՀ իշխանությունը հերթական անգամ հանրությունից գաղտնի գործարք է իրականացրել ի վնաս Հայաստանի տարածքային ամբողջականության»,- հայտարարեց Մանուկյանը և շեշտեց, որ դրանով խիստ վտանգվել է Սյունիքը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ազգային և պետական շահը որևէ կերպ չի սպասարկվում. Արամ Վարդևանյան
- Ստացվում է, որ ՀՀ տարածքի մասին մենք պետք է այսուհետ խոսենք անցյալով. Թագուհի Թովմասյան