Գործող իշխանությունները վերջին 3 տարում Վանո Սիրադեղյանին գնահատել են. Վահագն Խաչատրյան
«Կարծում եմ Վանո Սիրադեղյանը գնահատված եղել է»,-վերջին երեք տարիներին իշխանությունների կողմից Սիրադեղյանի գնահատված լինելու մասին հարցին արձագանքեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը։
Նա հայտնեց, որ Վանո Սիրադեղյանի աճյունը չի ամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում, քանի որ կան մի շարք հանգամանքներ, որոնք կառավարությունը քննարկել է, հաշվի առել դրանք և որոշում կայացրել։
Նախարարաը տեղեկացրեց, որ ինքը Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման հարցով հանձնաժողովի անդամ է, որի աշխատանքներին մասնակցում է նաև Սիրադեղյանի որդին։
«Նրա արժեքն այն չէ, թե որտեղ կթաղվի մարմինը, բայց կարող եմ ասել, որ նա մնաց թերագնահատված»,-հայտարարեց Խաչատրյանը և հավելեց, որ հայտնի չէ՝ որտեղ է հիմա գտնվում Սիրադեղյանի աճյունը։
Նախարարը հայտնեց, որ վերջին անգամ Սիրադեղյանի հետ խոսել է 20 տարի առաջ, և հավելեց, որ Վանոն իր, Նիկոլ Փաշինյանի և շատ այլ մարդկանց ընկերն է եղել:
Պատասխանելով հարցին, թե ինչու Վանո Սիրադեղյանը չվերադարձավ Հայաստան՝ Վահագն Խաչատրյանն ասաց. «Չեմ կարող ասել, թե ինչու այդ ընթացքում նա չվերադարձավ Հայաստան, բարդ հարց է, յուրաքանչյուրն ինքն է որոշում»: