Մանուկյան. Քննություն իրականացրե՞լ է, թե ինչու առաջնագծում զինվորականները ոչ թե կրակելով են պաշտպանել սահմանը, այլ ուղղակի ծեծկռտուքի միջոցով
«Առաջնագծում ծառայություն իրականացնող երիտասարդների համար ոչ հասկանալի քննարկում է ծավալվել կապված սահմանին, առաջնագծում կրակել-չկրկելու հրամանի հետ»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը:
Նա նշեց, որ անցնող առնվազն երեք տասնամյակներում առաջնագծում ծառայող զինվորն իմացել է՝ ինչպես պետք է իրեն պահի, երբ թշնամին է դեմ դիմաց, ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել է, որ չկրակելու հրաման տվողը դավաճան է:
«Մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարում է, որ սահմանի ողջ երկայնքով տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուքներ:
Այդ հայտարարությունից հետո տրամաբանորեն պաշտպանության գերատեսչության ղեկավարությունը պետք է անդրադառնար, որ կրակոցներով սահմանը չի փակվում, փայտերով իրար ծեծում են: Պաշտպանության նախարարությունը որևէ քննություն իրականացրե՞լ է, թե ինչու առաջնագծում, սահմանագծում դիրքապահը, մարտական հերթապահություն իրականացանող զինվորական ստորաբաժանումները ոչ թե կրակելով են պաշտպանել սահմանը, այլ ուղղակի ծեծկռտուքի միջոցով փորձել են կասեցնել թշնամու առաջխաղացումը»,- հարցերով պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին դիմեց Գեղամ Մանուկյանը:
Փոխնախարարն ասաց, որ միայն կարող է պնդել՝ չկրակելու մասին հրաման որևէ պաշտոնատար անձի կողմից չի տրվել:
«Ինչ վերաբերում է նշված ժամանակահատվածում ծեծկռտուքներին, իրավիճակից բխող, այդ պահի թելադրանքով իրականացված գործողություններ էին, որոնք կարող են գնահատականի արժանանալ: Նշեմ նաև, որ այդ առումով ուսումնասիրություններ իրականացվում են: Կարծում եմ՝ թե ծառայողական քննության, թե առհասարակ քննության առարկա կդառնան մայիսի ընթացքում տեղի ունեցած իրադարաձությունները»,- ասաց Ա. Սարգսյանը:
Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Աբսուրդ է, երբ որ ամբողջ սահմանում փայտով իրար ծեծում են, պարզվում է, որ հրաման չեն տվել: Հրաման չեն տվել վարչապետից սկսած մինչև պաշտպանության նախարարություն ու Գլխավոր շտաբի պետ, ովքեր կարող էին մեկ օրվա, մեկ վայրկյանի ընթացքում այս հարցը կարգավորել, ոչ թե թույլ տալ ամբողջ առաջնագծով բանակը փայտով ադրբեջանցիների հետ մտեր ձեռնամարտի, հիմա էլ դավաճաններ հռչակեին»:
Հարակից հրապարակումներ`
- Չկրակելու հրամանի մասին. Տիգրան Աբրահամյան
- Կրակե՛ք
- Տիգրան Աբրահամյան. Դեռ կպարզենք, թե ինչո՞ւ էր մինչև այդ չկրակելու հրաման գործում