Պաշտպանության փոխնախարարը տեղյակ չէ՝ ինչ ընթացակարգերով են ադրբեջանական ինքնաթիռները մուտք գործում ՀՀ օդային տարածք
«Բավական տևական ժամանակ ՀՀ օդային տարածքը տրվում է ադրբեջանական ավիաուղիներին։ Կա ֆիքսված շարժում, որ Բաքվից Նախիջևան են գնում, ձևական առումով, քաղաքացիական ինքնաթիռներ»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
Այնուհետև նա հարցեր ուղղեց նիստին ներկա պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին, թե արդյո՞ք ՊՆ-ն տեղեկացված է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից ինչ հիմունքներով են ադրբեջանական ինքնաթիռները հատում ՀՀ օդային սահմանը, վայրէջք կատարում Նախիջևանում, ապա Նախիջևանից վերադառնում դեպի Բաքու՝ օգտագործելով ՀՀ օդային տարածքը, առհասարակ տեղյակ է՝ ի՞նչ են տեղափոխում, ովքե՞ր են գտնվում ինքնաթիռներում, իրավական ի՞նչ ռեժիմով է թույլ տրվում ադրբեջանական ինքնաթիռների մուտքը ՀՀ օդային տարածք ընդհուպ նոյեմբերի 16-ի ռազմական էսկալյացիայի պայմաններում մեկ օրվա տարբերությամբ ինքնաթիռներ են արձանագրվել ՀՀ օդային տարածքում:
Փոխնախարարն ասաց, որ հիշում է մեկ դեպք, երբ մեծ աղմուկ բարձրացավ նույն խնդրի հետ կապված, երբ ՀՀ օդային տարածքով ադրբեջանական օդանավ էր անցել, քաղավիացիայի կոմիտեն հաղորդագրություն էր տարածել:
«Ես մանրամասներին տեղյակ չեմ ինչ ընթացակարգերով է իրականացվում: Եթե դուք ավելի համապարփակ տեղեկատվություն եք ուզում ստանալ, կարող եք դիմել քաղավիացիայի կոմիտե։ Անձամբ ես ձեր հարցին խորը պատասխան չեմ կարող տալ», - ասաց Ա. Սարգսյանը։
Ա. Ղազինյանն արձագանքեց. «Գիտեմ դիմելու կարգը, ձևը, իրավասությունը, բայց հարցն այլ բանում է կայանում. կա չհերքված տեղեկատվություն այն մասին, որ Ադրբեջանի՝ Նախիջևանի հատվածում տեղի է ունենում Սիրիայից տեղափոխված ահաբեկչական խմբավորումների կուտակում: Թե ինչ նպատակով են դրանց այնտեղ բերում, չգիտեմ: Միգուցե ինչ-որ մի պահի ահաբեկչական գործողություններ կատարելո՞ւ, ինչպես տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ընթացքում: Համենայնդեպս, ՀՀ պաշտպանության նախարարությունն ունի՞ համոզմունք, որ այդ քաղաքացիական ինքնաթիռներով ռազմական նշանակության ուղեբեռ, մարդ-ուժ չի տեղափոխվում»:
Ընդդիմադիր պատգամավորը նաև հետաքրքրվեց, արդյո՞ք պաշտպանության փոխնախարարը ծառայել է բանակում:
Ա. Սարգսյանը պատասխանեց, որ ծառայել է ոստիկանությունում, սովորել է ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցում, որը համարվել է ծառայություն, իր մեջ ներառել է ծառայության գրեթե բոլոր էլեմենտները, եթե չհաշվեն, որ դիրքերում ծառայություն չի իրականացվել:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն հայտարարեց, որ ահաբեկիչների տեղափոխման խնդրին ՀՀ հատուկ ծառայությունները տեղեկացված են եղել նաև պատերազմի ընթացքում։
«Այդ տեղեկությունները փոխանցվել են համապատասխան համանախագահող երկրների ղեկավարությանը: Վերջին անգամ ես այդ փաթեթը փոխանցել եմ Հայաստանում գտնվող Ստոլտենբերգի՝ անվտանգության հարցերով խորհրդականին։ Դա ֆիքսվել է, այն լուրջ փաթեթ է ու, կարող եմ ասել, որ մեր հատուկ ծառայությունների ու մեր Սփյուռքի շատ լուրջ ձեռքբերումը կարող ենք արձանագրել», - ասաց Քոչարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ