Մինչև հիմա չունենք բանակում պատվաստումների քանակի մասին որևէ տեղեկություն. Թագուհի Թովմասյան
«Ստացել եմ բազմաթիվ դժգոհություններ զինծառայողներից, ովքեր հիվանդանոցներում երկար ժամանակ հերթ են կանգնում»,- ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նստում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Օրինակի համար նա նշեց, որ սպան 14 օր ծառայությունից հետո իջնում է, ունի առողջական խնդիր, զինհոսպիտալում բուժզննում է անցնում, անհրաժեշտություն է առաջանում այլ հետազոտություններ անցնել քաղաքացիական հիվանդանցում, հնարավոր է մեկ ամիս կամ ավելի հերթ կանգնել:
«Չկա առաջնահերթություն, ստացվում է՝ պետությունը որևէ երաշխիք առաջնահերթության մասով չի տալիս զինծառայողին:
Այս օրենքի նախաձեռնությունը նպատակ ունի մոտիվացիա ապահովել զինծառայողների համար, որպեսզի նրանք առավել իրենց պաշտպանված զգան պետության կողմից, զգան, որ ուշադրության կենտրոնում են:
Ինչպես նաև զինծառայության գրավչության բարձրացմանն է ուղղված այս նախագիծը»,- ասաց Թ. Թովմասյանը:
Նախագծով առաջարկվում է զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունը և բուժումն իրականացնել առաջնահերթ ու անվճար՝ պետության երաշխավորած բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց, որ խոսքը չպետք է վերաբեր միայն զինծառայողներին, նաև պետք է նրանց ընտանիք անդամներին վերաբերի:
«Երբ խոսում ենք զինծառայության գրավչության մասին, խոսում ենք զինծառայողի ֆիզիկական ծանրաբեռնվածության մասին, որը թույլ չի տալիս շատ ժամանակ անցկացնել հերթերի, հետազոտությունների վրա: Այս տեսանկյունից բնական է, որ զինծառայողների համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն առաջացնում է նաև ընտանիքի անդամների բժշկական ապահովման և սպասարկման հարցը»,- ասաց նա:
Հանձնաժողովի նիստի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հետաքրքրվեց, արդյո՞ք տեղեկատվություն կա, թե ինչ կարգ է սահմանված զինծառայողների պատվաստման համար:
Հիմնական զեկուցող Թագուհի Թովմասյանն ասաց, որ հասեցատերը չէ, խնդրեց առողջապահության նախարարին առիթի դեպքում անդրադառնալ ու պարզաբանել:
«Մինչև հիմա չունենք բանակում պատվաստումների քանակի մասին որևէ տեղեկություն: Տարբեր ֆորմատներով հարցումներ եմ իրականացրել, դեռ չունեմ պատասխան»,- ասաց նա: