Ասպրամ Կրպեյանն ԱԺ-ում երդվեց՝ հավատարիմ մնալ հոր՝ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դավանած սկզբունքներին
ԱԺ «Հայաստան» խմբակցության նոր պատգամավոր Ասպրամ Կրպեյանը Ազգային ժողվում երդվեց։
«Հանուն համազգային նպատակների իրագործման, հանուն ազատ, անկախ և միացյալ Հայաստանի, երդվում եմ․
հավատարիմ մնալ հորս՝ ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դավանած սկզբունքներին և բացառիկ անմնացորդ նվիրումին՝ առ հայրենիք։ Կատարել 2020 թվականի նոյեմբերի 10-ի լուսադեմին Եռաբլուր զինվորական պանթեոնում տվածս երդումը՝ հանուն պատմական արդարության, համազգային միասնության, արժանապատվության վերականգնման, քանզի չկա Հայաստան առանց Արցախ և չկա Արցախ առանց Հայաստան։
Հավերժական Հայաստան լինելու է»,- իր երդումն ընթերցելիս ասաց Կրպեյանը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունից պատգամավորական մանդատից հրաժարվել էր Դավիթ Սեդրակյանը, որին ցուցակում հաջորդում էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որը նույնպես հայտարարությամբ հրաժարվել էր մանդատից: Հետևաբար, մանդատը բաժին էր հասել դաշինքի ցուցակում հաջորդ թեկնածու Ասպրամ Կրպեյանին:
Ի դեպ, պատգամավորների երդման տեքստը սահմանված է օրենքով, սակայն Ասպրամ Կրպեյանը լիովին այլ երդման տեքստով հանդես եկավ։