2018 թվականին չէր խոսվում, որ հետևողականորեն պաշտպանվելու են ադրբեջանցիների՝ էյվազլիական շահերը. Արեգնազ Մանուկյան
«Եթե իրականում ինչ-որ բան պետք է քրեականացվի, ապա պաշտոնյաների և քաղաքական գործիչների սուտ խոսելը և խոստումը չկատարելը»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ 2018-ին տեղի ունեցած իշխանափոխությունից առաջ չէր ասվել, որ դրանից շատ չանցած հանձնելու են Արցախի տարածքները, տալու են հազարավոր զոհեր, Ադրբեջանի զինուժը մտնելու է Հայաստան, Սյունիքում մաքսակետեր է տեղադրելու:
«Այն ժամանակ չէր խոսվում, որ հետևողականորեն պաշտպանվելու են ադրբեջանցիների՝ էյվազլիական շահերը և «խաղաղության դարաշրջանի» անվան տակ Հայաստանը դառնալու է առևտրի առարկա»,- նկատեց պատգամավորը և հավելեց. «Չէր խոստացվել, որ «Նիկոլ վարչապետ» գոռացողները դա անում են, որպեսզի Ալեն Սիմոնյանը հեռուստատեսային էժանագին շոուի մասնակցի, ըստ օդում կախված լուրերի, դառնա ասֆալտի օլիգարխ և պադավատի փող ծախսի բյուջեի հաշվին, հին օլիգարխները դառնան «պուպուշ» հեղափոխական-սեփականատերեր, պատահական մեկը դառնա փոխվարչապետ ու կրկին ըստ օդում կախված լուրերի՝ ասֆալտի օլիգարխ»։
Ըստ պատգամավորի, 2018թ-ին չէր խոսվում, որ Սաշիկ Սարգսյանի մասին պատմությունների սիրահար Նիկոլ Փաշինյանը, ով իր գիտակցական ողջ կյանքում մեղադրում էր նրան փայ մտնելու համար, մյուսներին էլ մեղադրում էր «Զանգեզուր»-ի պղնձամոլիբդենայինում փայ ունենալու համար, ինքն է փայ մտել այդ հիմնարկում ու փորձում է այնտեղ խցկել իր մյուս նորաթուխ օլիգարխ թիմակցին։
Արեգնազ Մանուկյանի խոսքով՝ 2018-ին մարդիկ փողոցները չէին փակում, որ պատահականներն ու վաստակ չունեցողները դառնան պատգամավոր, նախարար, դեսպան, մարզպետ, դատավոր, դատախազ և այլն։
«Իշխանափոխությունը հաստատ այն բանի համար չէր, որ բուքմեյքերական կենտրոնի ղեկավարի փողերով երեկվա թավշյա տղաները գնան հունական կղզիներում գերթանկարժեք զվարճանքների»,-ասաց պատգամավորը։
Պատգամավորի խոսքով՝ 2018-ին ստացած նաև խաղաղության դարաշարջան բացելու մանդատը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ամբողջությամբ մսխել են, նրանք խաբել են ու խաբում են։
Ըստ Մանուկյանի՝ ներկայում ոչ թե խաղաղության դարաշրջանի, այլ նույնիսկ խաղաղ օրվա հոտ չի գալիս, քանի որ հասարակությունը գրեթե ամեն օր արթնանում է նոր կորուստներով ու գերիներով։
«Եթե մի պահ ընդունենք, որ 2021-ի արտահերթ ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը պայմանավորված էր «Խաղաղության դարաշրջանի» ու բաց սահմանների խոստմամբ, ապա ներկա իրադարձությունները ապալեգիտիմացնում են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որովհետև պատերազմը չի կանգնել, այն նոր ձև է ստացել։ Նման մանդատ նրան որևէ մեկը չի տվել, հետևաբար՝ Փաշինյանի գլխավորած իշխանությունը լեգիտիմ չէ և ենթակա է հեռացման։ Ստի ու չարիքի իշխանության վերջը պետք է գա»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել ընդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանի դեմ
- Ձեր նկատմամբ այդ կարծիքն արտահայտելու ցանկությունը ժողովրդի մոտ այնքան մեծ է, որ ֆրանսիացիֆանտաստ գրողներ են գտնում. Հայկ Մամիջանյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին