Պառավաքարում Արցախյան պատերազմում նահատակված զինծառայող Կարեն Մարգարյանի հիշատակին մատուռ է կառուցվում
Տավուշի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի հանդիսապետությամբ, Վահրամ Մարգարյանի նախաձեռնությամբ և նվիրատվությամբ դեկտեմբերի 17-ին, կայացել է Բերդ համայնքի Պառավաքար բնակավայրի` ի հիմանց կառուցվող մատուռի հիմնարկեքի արարողությունը:
Բերդի համայնքապետարանից հայտնում են, որ սուրբ մատուռը կառուցվում է 2020 թ.-ի Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Կարեն Մարգարյանի անմահ հիշատակին:
Կարեն Մարգարյանը Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի ուսանող էր: Նա Տավուշի մարզի Պառավաքար գյուղից էր: Կարենը բանակ էր զորակոչվել 2019թ. հունվարին՝ բոլոր քննությունները փայլուն հանձնելուց հետո:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանն աել էր, որ Կարենը բացառիկ ուսանող էր՝ խելացի, լավ սովորող, պարտաճանաչ, համեստ ու զուսպ... անվերջ կարելի է բնութագրել նրան.
«Շատ պարտաճանաչ էր, ամեն օր առավոտ 8.30-ին նա արդեն բուհում էր լինում, լսարանում միշտ 1-ին սեղանին էր նստում՝ դասախոսին մոտ, ու ձգտում էր բոլոր հարցերին պատասխանել: Բանակ զորակոչվելուց առաջ նա ջանաց բոլոր քննությունները հանձնել, բարձր գնահատականներ ստանալ: Որոշել էր ծառայությունից վերադառնալ ու լավ սովորելով՝ անցնել անվճար համակարգ. և կասկած չունեմ, որ անցնելու էր...»: