Քաղաքական 12:05 30/12/2021 Հայաստան

Արթուր Վանեցյան. Հայաստանի այս իշխանություններն ի վիճակի չեն պատշաճ կերպով ներկայացնել ու պաշտպանել Հայաստանի և Արցախի շահերը միջազգային հարթակներում

«Հրապարակ»-ում այսօր լույս է տեսել  ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հարցազրույցը։

«Հրապարակ»- 2021 թվականը դժվար տարի էր Հայաստանի և Արցահարցազրույցխի համար։ Որո՞նք են այսօր մեր հիմնական խնդիրները, և ի՞նչ նոր մարտահրավերներ բերեց անցնող տարին։

Արթուր Վանեցյան- Դժվար է առանձնացնել ու խոսել միայն անցնող տարվա մասին, քանի որ այսօրվա իրավիճակն ուղղակի արդյունք է նաև պատերազմի ու հետպատերազմական զարգացումների։ Ընդհանուր առմամբ՝ այսօր բավական շատ խնդիրներ ունենք, որոնց, երևի թե, կարիք ունենք առանձին-առանձին անդրադառնալու։ Հայաստանի համար արտաքին քաղաքական և անվտանգային կարևորագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ արցախյան հիմնահարցը։ Այստեղ պատերազմը նոր խնդիրներ բերեց՝ ի դեմս տարածքային կորուստների, զոհերի, փախստականների, չլուծված կարգավիճակի հարցի և այլն։ Ադրբեջանը պարբերաբար պնդում է, որ Արցախի հարցը լուծված է, և, չհանդիպելով հայկական կողմի կոշտ արձագանքին, հաջողում է նաև այս թեզն ընկալելի դարձնել միջազգային հանրության համար։ Ի դեպ, ես այստեղ հատուկ ուշադրություն կհրավիրեի այն հանգամանքի վրա, որ «հայկական կողմի արձագանք» ասելով չպիտի սահմանափակվենք միայն ԱԳՆ հայտարարություններով կամ դատապարտող տեքստերով։ Մենք արդյունք կունենանք, եթե համապատասխան աշխատանք իրականացվի գործընկերների, միջազգային կազմակերպությունների և միջազգային հանրության հետ ընդհանրապես, որը, ցավոք սրտի, չի արվում։ Մյուս կողմից, Հայաստանի իշխանությունները պիտի դադարեցնեն այն գործելաոճը, որն ուղղակիորեն լեգիտիմացնում է Ադրբեջանի մոտեցումները և ջախջախում բանակցային գործընթացի ապագան։

Օրինակները բազմաթիվ են, ամենաթարմը՝ վերջին մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները հանրաքվեի, հակամարտության կարգավորումը ՄԱԿ ԱԽ տեղափոխելու, Արցախում ադրբեջանցիների ինքնորոշման և այլնի մասին։  Հայաստանի իշխանությունների կեցվածքն ուղղակի ազդեցություն է թողնում միջազգային հանրության ընկալումների վրա։ Ես այստեղ կմեջբերեի բոլորովին վերջերս Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Եվրոպայի խորհրդի նախագահի ելույթից մի դրվագ, երբ եվրոպացի պաշտոնյան, խոսելով կոնֆլիկտի մասին, օգտագործում է «հաղթահարել» եզրույթը, և խոսք չկա կարգավիճակի մասին։ Ավելին, նույն Շառլ Միշելի խոսքում, ինչպես նաև ԱլԳ գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում, ընդհանրապես չկար Արցախի անունը, չկար ուղիղ հղում Մինսկի խմբի համանախագահությանն ու ձևաչափին։ Կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչ ռիսկեր է այս ամենը պարունակում։  Մյուս կարևորագույն խնդիրը գերիների հարցն է, որն արդեն մեկ տարուց ավելի է՝ շարունակում է չլուծված մնալ։ Հումանիտար նշանակության այս խնդիրը, որն Ադրբեջանի համար նաև պայմանագրային պարտավորություն է՝ ի դեմս նոյեմբերի 9-ի հայտարարության, շարունակում է քաղաքական շահարկումների ու առևտրի առարկա դառնալ, ինչը պարզապես անընդունելի է։

Այս ամենին զուգահեռ, մենք տեսնում ենք նաև միջազգային հանրության կողմից հետպատերազմյան այս իրավիճակում արցախյան կարգավորման գործընթացի հետ կապված բավական մտահոգիչ տենդենցներ։ Այս իմաստով հատկապես ուշագրավ են վերջին հայտարարությունները՝ թե՛ եվրոպական խորհրդի նախագահի, թե՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների։ Այս փաստաթղթերում խոսք չկա Արցախի կարգավիճակի հստակեցման կարևորության, Արցախի տարածքների դեօկուպացիայի, Արցախի համար երկարաժամկետ ու կայուն անվտանգության երաշխիքների տրամադրման մասին։ Սա, թերևս, լավագույն ցուցիչն է նրա, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները պարզապես ի վիճակի չեն պատշաճ կերպով ներկայացնել ու պաշտպանել Հայաստանի և Արցախի շահերը միջազգային հարթակներում։ Բնականաբար, սրա հիմնական պատճառն այն է, որ այս իշխանությունները պարտության ու կապիտուլյացիայի խորհրդանիշ են, և աշխարհն էլ է նրանց այսպիսին ընկալում։

Իհարկե, այս ամենն անվտանգային լուրջ խնդիրներ է մեզ համար ստեղծում։ Մյուս կողմից՝ պիտի ընդունենք, որ Արցախի մեծ մասը կորցնելու արդյունքում ուղիղ հարվածի տակ է հայտնվել Հայաստանի Հանրապետության տարածքը։ Մայիսի 12-ից թշնամու զինված ուժերն անխոչընդոտ մուտք են գործել մեր սուվերեն տարածք, շարունակում են մնալ այստեղ և հրաժարվում են դուրս գալ։ Հայաստանի իշխանություններն էլ, կոնկրետ գործողությունների դիմելու փոխարեն, առաջարկում են հայելային հետ քաշել զորքերը։ 

«Հրապարակ»- Կխնդրեի, որ ավելի մանրամասն անդրադառնաք Սյունիքում տիրող իրավիճակին։ Ի վերջո, թշնամին ճանապարհներին մաքսակետեր տեղադրեց, անընդհատ խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, այստեղից, կարծես, հերքում են, բայց իրականում ի՞նչ վիճակ ունենք։

Արթուր Վանեցյան- Ի դեմս Սյունիքում ստեղծված իրավիճակի՝ այսօր բավական լուրջ անվտանգային խնդիր ունենք։ Ադրբեջանի և Թուրքիայի կարևոր նպատակներից մեկը Սյունիքով Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող միջանցք ունենալն է, որը թուրքական կողմն անգամ որպես նախապայման է առաջ քաշում՝ արդեն հայ-թուրքական հնարավոր գործընթացի շրջանակներում։ Ի դեպ, այսօր Անկարան ու Բաքուն այնքան անկաշկանդ են իրենց զգում Հայաստանի իշխանություններին պայմաններ թելադրելու հարցում, որ անգամ ՀՀ-Արցախ ճանապարհի կարգավիճակն են փորձում հավասարեցնել, իրենց տերմինաբանությամբ ասված՝ «Զանգեզուրի միջանցքի» կարգավիճակին, ինչը բացարձակ անընդունելի է։ Ուշագրավ է, որ Սյունիքում և Սյունիքի շուրջ այսօր ստեղծված իրավիճակը նոյեմբերի 9-ի հայտարարության հետևանքը չէր։ Հիշեցնեմ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված էր, որ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Զորքերի տեղաշարժի և դիրքերի փոփոխության մեկ այլ լեգիտիմ հիմք կարող էր լինել սահմանագծման և սահմանազատման գործընթացը, որը պարզապես չկար։

Եվ եթե հաշվի առնենք այս ամենը, ապա ստացվում է, որ Կովսականի ու Սանասարի՝ մեզ համար կարևոր դիրքերը թշնամուն են զիջվել վերջինիս հետ գաղտնի պայմանավորվածությունների արդյունքում։ Հենց սրանից հետո Սյունիքը հայտնվեց անմիջական սպառնալիքի ներքո։ Հենց սրանից հետո թշնամին ամիսներ անց արդեն մաքսակետեր տեղադրեց ու փաստացիորեն անհնար դարձրեց տեղի հայկական գյուղերի ազգաբնակչության տեղաշարժը։ Ի դեպ, հատկապես ուշագրավ է այն, որ երբ մեր զորքերը հետ քաշվեցին՝ Ադրբեջանին զիջելով վերոնշյալ կարևոր դիրքերը, Հայաստանի իշխանությունները պնդում էին, որ նման որոշում կայացվել է Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու նպատակով, այնինչ տեղի ունեցավ ճիշտ հակառակը։

Ավելի ուշ՝ այս տարվա նոյեմբերի կեսերին, ականատես եղանք թշնամու հերթական ագրեսիայի դրսևորմանը Սյունիքի ուղղությամբ, որը, իրականում, երևան հանեց մեզ համար անվտանգային կարևոր նշանակություն ունեցող այլ խնդիրներ ևս։ Նախ, բանակի բարոյահոգեբանական վիճակն ու ծառայության համար առկա պայմանները։ Տեսեք՝ մենք մեկ տարի ժամանակ ունեինք մեր զինվորների համար պատշաճ պայմաններ ապահովելու, դիրքերը կահավորելու համար։ Բայց պետական միջոցները բանակի ուղղությամբ ծախսելու փոխարեն այս իշխանությունները նախընտրում են պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնել և պարգևավճարներ ստանալ, լրտեսական ծրագրեր գնել ու ընդդիմախոսներին գաղտնալսել և այլն, և այլն։ 

Մյուս կարևոր խնդիրը, իհարկե, այն էր, որ հերթական անգամ բախվեցինք իրավիճակի, երբ ակնհայտ դարձավ, որ Հայաստանի արտաքին քաղաքականություն այսօր պարզապես չկա։ Սյունիքի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիան հերթական առիթն էր Բաքվի՝ ագրեսոր լինելու մասին հնարավոր բոլոր հարթակներից բարձրաձայնելու, քննարկումներ ու բանաձևերի ընդունումներ նախաձեռնելու, դատարաններ դիմելու համար։ Ոչինչ արդյունքում չունենք։ Անգամ մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ, մեր անվտանգային համակարգը կազմող կառույցի՝ ՀԱՊԿ-ի հետ գործողությունների նախաձեռնումն ու պլանավորումը, մեղմ ասած, պատշաճ կերպով չիրականացվեցին։ 

«Հրապարակ»- Հիշատակեցիք գաղտնի պայմանավորվածությունների մասին։ Այսօր այդ ձեռագիրը շարունակվո՞ւմ է։ 

Արթուր Վանեցյան- Միանշանակ՝ շարունակվում է, և սա իմ կամ որևէ մեկի ենթադրությունը չէ։ Կարող եք նայել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների վերջին համատեղ հայտարարությունը, որտեղ շատ հստակ արձանագրված է այս փաստը։ Հիշեցնեմ՝ միջնորդ երկրների ԱԳ նախարարները հղում էին անում 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը, 2021-ի նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությանը և այլ պայմանավորվածություններին։ Ի՞նչ «այլ պայմանավորվածությունների» մասին է խոսքը։ Մյուս կողմից՝ նորից անդրադառնալով վերջին իրադարձություններին, չէր կարող ուշադրություն չգրավել այն հանգամանքը, որ Բրյուսելում երկուսով՝ Փաշինյանն ու Ալիևը, փակ դռների հետևում քննարկում են ունեցել։ Ի՞նչ են պայմանավորվել, ինչի՞ շուրջ են համաձայնության եկել՝ չգիտենք, գիտենք միայն, որ Բրյուսելից հետո Ալիևը «կառուցողական» գնահատեց այդ ֆորմատով հանդիպումը։ Ուշադրության արժանի է նաև Նիկոլ Փաշինյանի վերջին մամլո ասուլիսի ընտրված ժամանակը։ Գիտենք՝ այդ օրը Ադրբեջանի նախագահի ծննդյան օրն էր, որն էլ այն նշանավորեց օկուպացված Հադրութում նոր ռազմական միավոր բացելով։ Ինչ է, սա է՞լ էր Ալիև-Փաշինյան «միասնական ուղերձներ» շարքից։
Այսինքն՝ այո՛, սա ձեռագիր է, որ բնորոշ է Փաշինյանին։

«Հրապարակ»- Իշխանություններին, կարծես, մեկ այլ ձեռագիր էլ է բնորոշ՝ ընդդիմախոսների նկատմամբ շինծու քրեական գործեր, քաղաքական հետապնդումներ իրականացնելը։ Եվ այսօր այդ ալիքը բավական մեծ ծավալով շարունակվում է։ Ի՞նչ կասեք սրա հետ կապված։

Արթուր Վանեցյան- Այո՛, ընդդիմությանը բովանդակային պատասխանելու փոխարեն ընդդիմադիր գործիչներին փորձում են վախեցնել կեղծ քրեական գործերով ու ձերբակալություններով։ Սա շատ արատավոր երևույթ է, որ հարվածի տակ է դնում առաջին հերթին մեր պետության հեղինակությունը։ Այսօր մենք մեծ քայլերով հետ ենք գնում ժողովրդավարական արժեքներից։ 
Մյուս կողմից՝ իրավապահ համակարգն իշխանության կամակատարն է դարձել՝ բառի բուն իմաստով։ Բայց ես ուզում եմ նորից դիմել այդ գործառույթներն այսօր կատարող մեր սպաներին՝ հիշեցնելով, որ ոչինչ, այդ թվում՝ այսօրվա իշխանությունը, հավերժ չէ։ Գալու է պատասխան տալու ժամանակը, և օրենքի առաջ պատասխան են տալու բոլորը՝ իրենց գործողությունների կամ հանցավոր անգործության համար։  Ինչ վերաբերում է հարցին, թե որքան են շարունակվելու այս կամայականությունները, ապա ես շատ հստակ կարող եմ ասել՝ այնքան, քանի դեռ Նիկոլն ու իր թիմը իշխանության են։ Բռնությունը, ատելությունը նրանց էության մի մասն են, նրանց ձեռագիրն են։ Ասվածի վկայությունը վերջին ՏԻՄ ընտրություններն էին ու դրանց արդյունքում իշխանությունների ապօրինությունները։ Վերջերս ես այցելեցի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ շինծու քրեական գործի շրջանակներում պահվում է Վանաձորի ընտրված ավագանի Մամիկոն Ասլանյանը։ Ես ուրախությամբ կարող եմ նշել, որ Մամիկոնի տրամադրվածությունը խիստ մարտական էր, և պատրաստակամությունը բարձր՝ մինչև վերջ պայքարելու։ 

«Հրապարակ»- Վերադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին՝ ի՞նչ է կատարվում հայ-թուրքական գործընթացներում։ Ո՞ւր են մեզ տանում։

Արթուր Վանեցյան- Մեզ տանում են թուրքական օրակարգով հարաբերությունների հաստատման։ Թուրքիան մշտապես հայտարարել է, որ նախապայմաններ ունի՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար։ Դրանք էին՝ Արցախից հրաժարվելը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը, պահանջատիրությունից հրաժարվելն ու իր տարածքային ամբողջականությունը ճանաչելը։ 44-օրյա պատերազմից հետո ավելացավ ևս մեկը՝ իրենց տերմինաբանությամբ ասած՝ Զանգեզուրի միջանցքի տրամադրումը։ Անկարան ոչ մի օր չարեց հայտարարություն, որ հրաժարվում է այս նախապայմաններից և պատրաստ է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման։ Դրա մասին միայն Հայաստանի իշխանություններն են խոսում։ Եվ, ուրեմն, եթե Թուրքիան չի հրաժարվում իր նախապայմաններից, բայց միաժամանակ հայտարարում է, որ բարենպաստ միջավայր է ստեղծվել հարաբերությունները կարգավորելու համար, ուրեմն չի՞ ստացվում արդյոք, որ այս իշխանությունները համաձայնել են բավարարել այդ նախապայմանները։ Ես հիշեցնեմ․ այդ նախապայմաններն էին՝ հրաժարվել Արցախից, հրաժարվել Ցեղասպանության ճանաչումից ու պահանջատիրությունից և «Զանգեզուրի միջանցք» տրամադրել։ Ընդ որում, մենք հաճախ ենք խոսում արցախյան հարցին և միջանցքին առնչվող նախապայմանների մասին, և կարծես անտեսվում է Ցեղասպանության հարցի կարևորությունը։ Ես նորից ուզում եմ ընդգծել, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը ոչ միայն և ոչ առաջին հերթին պատմական արդարության վերականգնման նպատակ է հետապնդում։ Այն կարևոր անվտանգային հարց է Հայաստանի ու հայ ժողովրդի համար։

Չմոռանանք Թուրքիայի կեցվածքն արցախյան հակամարտության ողջ ընթացքում, Թուրքիայի պահվածքն առաջին արցախյան պատերազմում, ապրիլյանի ժամանակ և, անշուշտ, վերջին՝ 44-օրյա պատերազմի օրերին։ Արդյոք Թուրքիայի կեցվածքը նույնը կլինե՞ր, եթե ժամանակին Ցեղասպանության համար պատասխանատվության ենթարկված լիներ։ Հենց այս է պատճառը, որ Ցեղասպանության ճանաչումը նախևառաջ անվտանգային խնդիր է մեզ համար։ Ընդհանուր առմամբ, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, մենք մի պարզ ճշմարտություն պիտի հասկանանք՝ սահմանները չեն կարող հավերժ փակ մնալ, մի օր պիտի սկսվի հարաբերությունների կարգավորման գործընթաց, բայց կողմերի շահերը հաշվի առնող գործընթաց։ Թուրքիան մեկ տարի առաջ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, հերթական անգամ ցույց տվեց իր թշնամական կեցվածքը հայ ժողովրդի նկատմամբ՝ ամեն կերպ աջակցելով Ադրբեջանին՝ թե՛ ռազմական, թե՛ տեղեկատվական, թե՛ քաղաքական ճակատներում։ Ի վերջո, ապացուցված տվյալներ կան Թուրքիայի աջակցությամբ զինյալ ահաբեկիչների վարձակալության մասին։ Սրանք գործողություններ էին, որ պիտի ստանային համարժեք գնահատական։ Բայց մենք ոչ միայն չունենք համարժեք գնահատական, այլև այսօր հենց Թուրքիան է նախապայմաններ առաջ քաշում՝ հարաբերությունների կարգավորման համար։ Ի պատասխան սրան՝ Հայաստանի այսօրվա իշխանությունները հայտարարում են, թե իբր դեմ են այդ նախապայմաններին, բայց իրականում այսօր մենք մի իրավիճակում ենք, երբ փաստացի դրանց կյանքի կոչման փուլ ենք մտնում։ 

Հիշենք բոլորովին վերջերս Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ կազմակերպված «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին, ի դեպ, մի միջոցառման, որի վերաբերյալ ոչ միանշանակ վերաբերմունք ունեն մեր գործընկեր երկրները, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունը։ Հայաստանի իշխանություններն այս գագաթնաժողովին մասնակցելու իրենց որոշումը հիմնավորեցին նրանով, որ դա այդ թվում լավ հնարավորություն է Հայաստանի համար՝ ներկայացնելու աշխարհին հայության նկատմամբ իրականացված ագրեսիան։ Բայց արդյունքում ոչ մի խոսք չասվեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի, ահաբեկիչների, թուրքական նախապայմանների և այլնի մասին։ Այսինքն, ոչ միայն քայլեր չեն իրականացվում Հայաստանի իշխանությունների կողմից՝ հասնելու այդ ագրեսիայի դատապարտմանը, այլև ստեղծված հնարավորություններն էլ պարզապես չեն օգտագործվում։ Արդյոք սա չի՞ նշանակում, որ որոշակի կապեր, պայմանավորվածություններ Թուրքիայի հետ արդեն գործում են։ 
Մյուս կողմից՝ այսօր արդեն հայտարարվում է հարաբերությունների կարգավորման համար Հայաստանից և Թուրքիայից ներկայացուցիչներ նշանակելու մասին, ինչը ևս որոշակի շփումների արդյունք է։ Այդ շփումների, կապերի առկայության ցուցիչ է նաև նույն «3+3» շատ կասկածելի ձևաչափին առանց որևէ խոչընդոտի համաձայնություն տալը։ 

Հայ-թուրքական այսօրվա գործընթացի համատեքստում մեկ այլ կարևոր հարց էլ կա՝ այս գործընթացը երկկո՞ղմ է՝ առանց միջնորդի, թե՞, այնուամենայնիվ, կա միջնորդ կողմ կամ միջնորդներ։ Սա ևս չափազանց կարևոր է գործընթացի ամբողջական պատկերը հասկանալու տեսանկյունից։
Եթե փորձեմ կարճ, ապա պիտի նշեմ, որ սա խիստ վտանգավոր գործընթաց է, որտեղ Հայաստանի շահը որևէ կերպ ներկայացված չէ։ 

«Հրապարակ»- Իշխանությունները վստահեցնում են, որ Թուրքիայի հետ սահմանի բացումից և տարածաշրջանի ապաշրջափակումից հետո Հայաստանը տնտեսապես զարգանալու է։ Գուցե այսօր մեր երկրի, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակն է պատճառը, որ այս գործընթացին հանրությունն առանձնապես չի հակադրվում։ Ընդհանուր առմամբ՝ ի՞նչ կասեք երկրի տնտեսական վիճակի հետ կապված։

Արթուր Վանեցյան- Ինչ վերաբերում է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակին, ապա սա մեկ այլ լրջագույն խնդիր է։ Պարադոքսալն այն է, որ աննախադեպ նվաճումների մասին անընդհատ բարձրաձայնող իշխանությունն իրականում հանրությանը խնդիրների աննախադեպ փունջ բերեց: 
Երկնիշ տնտեսական աճի փոխարեն ունենք երկնիշ գնաճ, թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները:  Այս իշխանությունը, որ պնդում էր, թե աղքատությունը մարդկանց գլխում է, ոչ միայն ոչինչ չարեց՝ հանելու համար այն մարդկանց գլխից, այլև աղքատության հասցրեց Հայաստանի բնակչության գրեթե կեսին: Մասնագետները պնդում են, որ արտագաղթն այս տարվա ընթացքում գերազանցեց նախորդ բավական երկար ժամանակահատվածի ռեկորդները: Թվային համեմատությամբ, այս տենդենցը համեմատելի է 90-ականների արտագաղթին: 

Եվ, ի վերջո, անվտանգային միջավայրի հետ կապված այսօրվա անորոշ իրավիճակում, անգամ սահմանների բացումից հետո անհեթեթ է խոսել համակարգային հնարավորությունների մասին, այդ թվում՝ ներդրումների ներգրավման, կապիտալ ծախսերի ավելացման: Որևէ արժանահավատություն ունենալու համար այդքան խոստումներից գոնե մեկ-երկուսը պետք է իրականացված լինեին: 

«Հրապարակ»- Մեր այսօրվա զրույցը հիմնականում Հայաստանի արտաքին քաղաքական ու անվտանգային խնդիրների շուրջ ստացվեց։ Երևի հարկ էր անդրադառնալ նաև այլ ոլորտներում մեր ունեցած խնդիրներին։ Ընդհանուր առմամբ՝ ո՞ր հիմնական հարցերը կառանձնացնեիք։

Արթուր Վանեցյան- Բնականաբար, հասկանալի է, որ այսօրվա մեր զրույցը հիմնականում ծավալվեց հենց անվտանգային խնդիրների շուրջ։ Այսօր սա կենսական նշանակության հարց է մեզ համար, և պատահական չէ, որ կարևորագույն թեմաները հենց սրան են առնչվում։ Բայց, միաժամանակ, վստահաբար կարող եմ պնդել, որ այսօր խնդիրներ ունենք բոլոր ոլորտներում՝ սոցիալականից մինչև մարդու իրավունքներ և անկախ դատական համակարգ։
Մենք՝ բոլորս, ամենօրյա կտրվածքով ենք բախվում խայտառակ թանկացումների, գնաճի խնդիրներին։ Ես արդեն նշեցի՝ Հայաստանի բնակչության գրեթե կեսն է այսօր հասնում աղքատության շեմին։ Սա լրջագույն թիվ է և լրջագույն մարտահրավեր մեր պետության համար։ 
Որևէ դրական դինամիկա չունենք տնտեսության ոլորտում։ Չնայած ամպագոռգոռ խոստումներին՝ մենք այսօր առարկայական առաջընթաց պարզապես չունենք։
Նույնը՝ նաև մարդու իրավունքներին առնչվող հարցերում, ժողովրդավարության զարգացման, անկախ դատական համակարգի հետ կապված։ Ընդ որում, մենք ոչ միայն չունենք առաջընթաց, այլև շատ դեպքերում հստակ հետընթաց ունենք, որի ամենաթարմ օրինակը վերջին ՏԻՄ ընտրություններին հաջորդած հայտնի իրադարձություններն են։
Իսկ իրավիճակը, իրականում, շատ պարզ է՝ այս իշխանությունը պարզապես չունի հնարավորություն որևէ ոլորտում հաջողելու, և նա դա արդեն ապացուցել է լիարժեք և ամբողջական և ապացուցել է մեզ համար շատ ցավոտ ձևերով։ 

«Հրապարակ»- Ելք տեսնո՞ւմ եք այսօր ստեղծված իրավիճակից։

Արթուր Վանեցյան- Իհարկե, անելանելի իրավիճակներ չեն լինում, բայց բանաձևը հստակ է՝ այս իշխանությունները պիտի հեռանան։ Պիտի հնարավորություն ստեղծվի չկապիտուլացված, չպարտված, բարոյահոգեբանորեն ուժեղ, խելացի, պրոֆեսիոնալ ուժերի համար՝ համայն հայության ջանքերով փորձելու կասեցնել պարտության անիվն ու ոտքի կանգնեցնել Հայաստանն ու Արցախը։ Եվ սա այսօր իմ մեծագույն մաղթանքն է մեր հայրենակիցներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ։
 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}