Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանայի ֆոնդը 2021-ին համալրվել է 1423 միավորով
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային ֆոնդը 2021 թվականին համալրվել է ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ օտարերկրացիների (Շվեյցարիա, ԱՄՆ, Բրազիլիա) կողմից կատարված նվիրատվությունների շնորհիվ։ Որպես նվիրատվություն ստացվել են Բուռնազյան-Անանյան ընտանեկան մասունքները (ժամացույցներ, Հայաստանի առաջին հանրապետության թղթադրամ), Ֆելիքս Ցիգլերից (Շվեյցարիա) ստացվել է շվեյցարացի միսիոներ Յակոբ Քյունցլերի գիրքը՝ Քարեն Եփփեին ուղղված հեղինակի ընծայագրով, Հեդվիգ Բյուլի լուսանկարներ, նամակներ։ Շվեյցարիայում բնակվող Տ. Շնորք քհն. Չեքիճյանից ստացվել են արաբկիցի ոսկերիչ Սարգիս Կէոզուպուլուքյանի ձեռագործ գոտին և ոսկերիչի մի գործիք։Այս մասին հայտնում են թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայությունից։
Թանգարանային ֆոնդը համալրվել է 1423 միավորով, համալրումները մեծ թիվ են կազմել լուսանկարների և սևանկարների բաժիններում: Հաշվետու ժամանակահատվածում «Հայկական գանձարան» էլեկտրոնային շտեմարան մուտքագրվել է 533 թանգարանային առարկա։
Գիտական գրադարանի համալրվել է 913 միավոր գրականությամբ, այդ թվում նաև Իսրայել Չառնիի անձնական գրադարանից ավելի քան 50, Հայկական ուսմանց ընկերակցության կողմից՝ ավելի քան 130, Պատմության ինստիտուտի կողմից՝ 70, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան մատենադարանի կողմից՝ ավելի քան 100 կտոր, Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցից՝ 61 միավոր մասնագիտական գրականությամբ: