Ուխտագնացություն՝ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Եկեղեցի
Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնին, Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ Արցախի թեմը կազմակերպել է ուխտագնացություն դեպի Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Եկեղեցի:
Արցախի թեմից հայտնում են, որ օրվա խորհրդին Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եխպիսկոպոս Աբրահամյանի և Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանի հանդիսապետությամբ Պատարագ է մատուցել Մարտակերտ քաղաքի հոգևոր հովիվ, Գանձասարի վանքի ծիսակատար քահանա Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, իսկ օրվա խորհուրդը ներկայացրել է Ասկերան քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանը:
Այս անգամ ուխտավորաբար Գանձասար էին ժամանել Հայաստան աշխարհի Տավուշի թեմի հոգևորականաց դասը՝ առաջնորդությամբ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանի, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ծնողներ և Արցախի թեմի հավատավոր զավակներ:
«Չնայած օրվա ցուրտ եղանակին, եկեղեցին բազմամարդ էր և լցված սիրո ջերմությամբ: Զգացումները տարբեր էին և հուզումնալից: Հայ հավատավոր ուխտավորներն մերթ իրենց ուրախությունն էին գտնում սիրո և միաբանության մթնոլորտում, մերթ հիշում վերջին չարաբաստիկ պատերազմն՝ իր սպիացած վերքերով: Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանն իր քարոզի մեջ անդրադարձավ իր նախկին ծառայության վայրի՝ Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում սպասավորելու տարիներին»,- նշում են Արցախի թեմից։