Ինչո՞ւ է Մոսկվայում բանակցություններին Թուրքիայի ներկայացուցչի մեքենան եղել դրոշով, Հայաստանինը՝ ոչ
«Հայաստանի իշխանությունները գաղտագողի մեր ժողովրդի թիկունքում գործողություններ են իրականացնում», - Ազգային ժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Թուրքիաայի ներկայացուցիչների առաջին հանդիպմանը Մոսկվայում։
Նա նշեց, որ ամբողջ այս գործընթացում թուրքերն են եղել թելադրողը. «Չավուշօղլուն ասել է սա, մերոնք արձագանքում են, Չավուշօղլուն ասում է այն, մերոնք արձագանքում են։ Բայց, կրկնում եմ, մինչև հիմա փաստաթուղթ չկա Ռուբեն Ռուբինյանի նշանակման հետ կապված: Այստեղ ասում են՝ պետության ներկայացուցիչ։ ԱԺ փոխնախագահը ԱԺ բյուջեով Մոսկվա է գործուղվում, որովհետև գործընթացը փնթի է կատարվում, փնթի մինչև վերջ»:
Նա ընդգծեց, որ պրոտոկոլ չի պահպանվում, Մոսկվայում Թուրքիայի բանագնացը դրոշով մեքենայով է գալիս հանդիպման, Հայաստանը՝ ոչ, հանդիպումից հետո ԱԳ նախարարությունը թնփի հաղորդագրություն է տարածում, անգելերն, ռուսերեն ու հայերեն տեքստերը տարբեր են, ընդդիմադիր գործիչներից մեկի գրառումից հետո է ԱԳ նախարարությունը տեքստն ուղղել։
ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց հարցերին.
«Նախ՝ հատուկ բանագնաց չէ, հատուկ ներկայացուցիչ է, հատուկ ներկայացուցիչը պաշտոն չէ, գործառույթ է, ես հատուկ պաշտոնի չեմ նշանակվել:
Ասում եք՝ ինչո՞ւ է բյուջով մեկնել։ Բա ինչո՞վ մեկնեի, պետք է ծրարով փող ստանայի, գնայի տոմս առնեի, գնայի՞, բա բյուջեի փողերով եմ մեկնել»։
Ինչ վերաբերում է առանց դրոշ մեքենային, Ռ. Ռուբինյանը նշեց, որ մինչև հատուկ ներկայացուցիչների հանդիպումը երկու հատուկ ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ փոխարտգործնախարար Ռուդենկոյի հետ և որքանով տեղյակ է, Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը գնացել էր ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի հետ ու Թուրքիայի դրոշով մեքենան, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի դեսպանի մեքենան է:
«Երբ ասում եք՝ տեղի են ունենում գաղտագողի գործընթացներ, ինձ ամենաշատը սա է նյարդայնացնում, որովհետև Հայաստանի պատմության ընթացքում Թուրքիայի հետ տեղի են ունեցել բանակցություններ բոլոր նախագահների օրոք ու, ի՞նչ եք կարծում, այդ բանակցությունների քանի տոկոսն է եղել գաղտնի ու քանի տոկոսն է եղել բաց։ Ավելի շատ տոկոսը եղել է գաղտնի», - ասաց Ռ.Ռուբինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Պետության կողմից ԱԺ-ն արդյո՞ք լիազորել է Ռուբինյանին ՀՀ անունից բանակցություններ վարել Թուրքիայի հետ. Գեղամ Մանուկյան
- ԱԳՆ. Ռուբինյան-Քըլըչի հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում