Իշխանավորների համար ապրուստը դարձել է ձրի, իսկ հպարտ քաղաքացիների համար կյանքը դարձել է թանկ. Արեգնազ Մանուկյան
«Հարգելի քաղաքացիներ, այս իշխանությունները ձեզ խոստացան տնտեսական թռիչքաձև աճ, բայց այդ աճն ապահովեցին բացառապես իրենց գրպաններում»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
Նա նկատեց, որ իշխանությունները խոստացել էին ներդրումների աճ և 2018 թ-ին պնդում էին, որ դրա համար պետք են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչի արդյունքում իշխանությունն ամբողջությամբ զավթեցին, բայց ներդրումներ չեղան:
Մանուկյանը հիշեցրեց, որ իշխանությունները 2019 թ-ին էլ հայտարարում էին, որ ներդրումները չեն գալիս, քանի որ դատարանները թավշյա հեղափոխականների տակ չեն և Սահմանադրական դատարանը գրավեցին, բայց ներդրումները մինչ օրս չկան:
Նրա խոսքով՝ գործող իշխանությունները 2020 թվականին էլ հասարակությանը հուսադրում էին, որ ներդրումները գալու են, որին նպաստելու են Ադրբեջանի և Թուրքիայի բաց սահմանները:
«Իրենց ասելով՝ ներդրումներին խանգարում էին Արցախն ու հազարավոր զոհված տղաները, բայց իրականություն այն է, որ իշխանավորների համար ապրուստը դարձել է ձրի, իսկ հպարտ քաղաքացիների համար կյանքը դարձել է թանկ, իրենք հարստացել են պետբյուջեի հաշվին, պադավատապետություն են կառուցում, իսկ հպարտ քաղաքացուն վերապահել են մահանալու ու տուգանվելու գործը»,- հայտարարեց պատգամավորը:
Մանուկյանը հիշեց, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2021 թվականի համար խոստանում էր երկնիշ տնտեսական աճ, որը եղավ միայն առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճի տեսքով և հավելեց, որ տնտեսության երկնիշ աճ չեղավ, բայց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոստման համաձայն հրաժարական չի տալիս, այսինքն՝ խաբում էր, երբ խոստում էր տալիս:
Շեշտելով՝ Վահան Քերոբյանը միակը չէ, որ խոստանում ու չի անում, կամ խոստացածի հակառական է անում՝ պատգամավորը միացրեց նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի տված խոստումների ձայնագրությունը, որոնցում նա հավաստիացնում էր, որ չեն բարձրանա էլէկտրաէներգիայի, ջրի և գազի սակագները, բայց դրանք 2022 թվականին բարձրացան:
Արեգնազ Մանուկյանը դիմեց քաղաքացիներին՝ հորդորելով թույլ չտալ իրենց խաբել և պահանջատեր լինել սեփական իրավունքների պաշտպանության հարցում:
Հարակից հրապարակումներ`
- Եթե երեք նախագահները դրական գործողություններ են արել, ապա այս ամբիոնից դա էլ շեշտեք. Արծվիկ Մինասյան
- ԱԺ-ն ընդունեց օրենք, որով քաղաքացիներին պարտադրեց 300,000 դրամը գերազանցող պարտքը իր ազգականին տալ բանկերի միջոցով
- Արամ Վարդևանյանը հույս հայտնեց, որ ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը զսպվածության կոչ կանի Նիկոլ Փաշինյանին