Եթե երեք նախագահները դրական գործողություններ են արել, ապա այս ամբիոնից դա էլ շեշտեք. Արծվիկ Մինասյան
«Երբ մենք խոսում ենք պատմական անցյալից քաղած դասերի, բացահայտված թերությունների, դրանք հետագայում չկրկնելու անհրաժեշտության մասին, դա է տալիս մեզ իրավունքը առաջարկելու ձեզ, պահանջելու ձեզնից՝ Հայաստանի ցանկացած իշխանությունից»,- դիմելով խորհրդարանական մեծամասնությանը՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Ընդդիմադիր պատգամավորը գտնում է, որ չպետք է անընդհատ փորձել մտածել, թե ինչ բացասական բան վերագրել նախորդ դարասկզբի Հայաստանի հիմնական քաղաքական ազգային ուժին:
Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ցանկանում է քաղաքական մեծամասնության պատգամավորներին դիմել, և շեշտեց, որ երբ նրանք ցանկանում են անդրադառնալ Հայաստանի անցյալին, այդ ժամանակ ուղղակի կամ անուղղակի հարվածում են մեր պետականությանը:
Նա հռետորական հարց հնչեցրեց, որ եթե խորհրդարանական մեծամասնության պատգամավորները խոսում են Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիների մասին, ինչու չեն ներկայացնում դրական ձեռքբերումները՝ որպես պետության ձեռքբերում:
«Ասում եք ամենի ինչ վատ է եղել, սև է եղել: Բա որ ամեն ինչ վատ է եղել, ինչպե՞ս ձեզ հասավ այս ժառանգությունը»,- ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղարը և նկատեց, որ երբ ԱԺ ամբիոնից հնչում են մեղադրանքներ, մարդկանց կամ ժամանակահատվածի վերաբերյալ հնչում են գնահատականներ, այն պետք է համաչափ հավասարաչափ լինի և վերաբերի բոլորին:
Նա պնդեց, որ պետք է երեք նախագահների դրական քայլերն էլ արձանագրվի:
«Եթե երեք նախագահները իրենց պաշտոնավարման ժամանակ դրական գործողություններ են արել, ապա այս ամբիոնից դա էլ շեշտեք, ինչո՞ւ եք միայն անպայման բացասականը ֆիքսում, թիրախավորում, որովհետև քաղաքականության մե՞ջ են, դա՞ է պատճառը»,- շեշտեց պատգամավորը և հավելեց. «Եթե մենք խնայում ենք պետականությունը, իսկ այն պետք է, որ խնայվի, և եթե խորհրդարանում գտնվող մարդն առաջնորդվում է այս մտահորիզոնով, պատկերացումով, ապա վերցրեք անցյալի դրականը, շեշտեք և զարգացրեք այն»:
Ըստ Արծվիկ Մինասյանի՝ բացասականը շեշտելով երկրի ապագան տանում են ավելի վատ տեղ:
Հարակից հրապարակումներ`
- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ կառավարության կարմիր գիծը չէ. Գեղամ Մանուկյան
- Արամ Վարդևանյանը հույս հայտնեց, որ ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը զսպվածության կոչ կանի Նիկոլ Փաշինյանին